Skip to content

Գաստրոէնտերոլոգիա

Նկարագրություն


Թե ի՞նչ է որովայնային ցավը, մեզնից յուրաքանչյուրը գիտի դեռ մանկուց` ոչ ուրիշի պատմելով: Երբեմն այդ տհաճ զգացողությունն անցնում է ինքն իրեն: Այլ դեպքերում, սովորաբար, դիմում ենք դեղերին: Սակայն երբ ցավը կրկնվում է նորից ու նորից, ինքնաբուժմամբ զբաղվելը կարող է վտանգավոր լինել։ Չէ՞ որ որովայնի շրջանի ցավերը մի ամբողջ շարք հիվանդությունների նշան կարող են լինել, որոնցից ամենատարածվածը գաստրիտն է։

Լսելով քրոնիկ գաստրիտ ախտորոշման մասին՝ շատերս հանգստանում ենք։ «Հիմա ո՞վ չունի այդ հիվանդությունը», «Միևնույնն է, չեմ կարող ճիշտ սնվել», «Բժիշկները միայն դեղեր կնշանակեն»,-ասում ենք մենք։ Եվ քչերն են մտածում, որ անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում գաստրիտը կարող է հանգեցնել առավել վտանգավոր հետևանքների՝ ստամոքսի խոցի և դրա արդյունքում՝ անգամ ստամոքսային արյունահոսության։

Եթե տհաճ զգացողությունն անհանգստացնում է անդադար և չի անցնում ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի։ Միայն նա կարող է ախտորոշել և բուժում նշանակել, որպեսզի խուսափեք տհաճ բարդություններից։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում ստամոքսաղիքային ուղու հիվանդությունների ախտորոշումը կիրականացվի ամենակարճ ժամանակում։ Կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հետազոտումը կատարվում է ժամանակակից բժշկագիտության և տեխնիկայի բոլոր պահանջներին համապատասխանող էնդոսկոպիայի կաբինետում՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները։

Ժամանակակից ամբողջական հետազոտությունների շնորհիվ «Վարդանանցի» մասնագետները ժամանակին և ճշգրիտ ախտորոշում են, ապա ընտրում բուժման առավել արդյունավետ սխեման։ Մեր բժիշկները հաջողությամբ բուժում են ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի և լյարդի հիվանդությունները, գաստրիտը, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունները, կոլիտը, գաստրոդուոդենտը, խոլեցիստիտը, պանկրեատիտը և այլն։

Ի՞նչ է ճիշտ սնուցումը գաստրոէնտերոլոգի տեսանկյունից

Դա սովորական, տնային նորմալ սնունդն է։ Սնունդ, որ բոլորի համար համեղ է պատրաստվում, և միշտ գիտեք, թե ինչ բաղադրիչներով։ Այ, իսկ գերտապակած, մի քանի անգամ սառեցրած ուտելիքից և անհասկանալի է, թե ինչ մսով կարկանդակներից ու արագ սննդի մյուս «նրբաճաշակություններից» ավելի լավ է հրաժարվել։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Առաջինը՝ չխմել լուծվող, այլ եփել բնական սուրճ և խմել կաթով։ Իհարկե, սուրճը չպետք է փոխարինի նախաճաշին կամ ճաշին։

Երկրորդը՝ կանոնավոր, քիչ և հաճախակի սնունդ՝ նախաճաշ-ճաշ-ընթրիք և միջանկյալ շատ թեթև ուտեստներ։ Վարժվեք նախաճաշին շիլա ուտելուն։ Իհարկե, ճիշտը եփելն է, բայց հիմա մեծ քանակությամբ տարբեր ձավարների «րոպեական» պատրաստվող փաթիլներ են վաճառվում, որոնք պետք է պարզապես բացել եռման կաթով կամ ջրով։

Նույնը վերաբերում է աշխատավայրում ճաշելուն։ Այսօր քչերին է զարմացնում տնից բերված ճաշը։ Հակառակ դեպքում դրան կփոխարինի անառողջ սնունդը կամ պակասը կլրացվի ընթրիքին՝ «պարգևելով» գաստրիտ և հավելյալ կիլոգրամներ։

Բժիշկներ



Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00