Skip to content

ԱՆԳԻՆԱ. Ի՞ՆՉ ՎՏԱՆԳ Է ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ

Տոնզիլիտը, որը հաճախ անվանում են անգինա, քիմքային նշագեղձերի բորբոքումն է:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբույժ Վանուհի Սահակյանը նշում է, որ երեխաների շրջանում շատ տարածված սուր տոնզիլիտի առաջացման պատճառ կարող են լինել ինչպես վիրուսները, այնպես էլ՝ մանրէները։

Տարբեր տարիքային խմբերում առաջացման պատճառները տարբեր են: Մինչև 3 տարեկան հասակը հիվանդությունն առավելապես առաջացնում են վիրուսները: Դրանցից հաճախ հանդիպողներն են ռինովիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսը, գրիպի վիրուսը, ինչպես նաև ցիտոմեգալովիրուսը, Էպշթեյն-Բար վիրուսը:

Մանրէներից առաջին տեղում A խմբի ստրեպտոկոկն է, որի դեպքում առկա է հետստրեպտոկոկային բարդությունների առաջացման ռիսկ, մասնավորապես՝ սուր ռևմատիկ տենդ և հետստրեպտոկոկային նեֆրիտ։

Տոնզիլիտի պատճառը հայտնաբերելու համար կատարվում է բկանցքի մանրէաբանական քննություն կամ արագ անտիգենային թեստ /Strep Test/։

Մանկաբույժ Վանուհի Սահակյանն ընդգծում է, որ պարբերաբար կրկնվող տոնզիլիտը և տենդը կարող են լինել պարբերական հիվանդության սկզբնական նշաններ։ Ահա թե ինչու նման դեպքերում երեխան հետազոտվում է պարբերական հիվանդության, ինչպես նաև Մարշալի համախտանիշի կապակցությամբ:

Տոնզիլէկտոմիան՝ նշագեղձերի հեռացումը, ևս կրկնակի տոնզիլիտների ժամանակ կիրառվող, սակայն միայն ծանր ընթացքի դեպքում իրականացվող միջամտություն է:

 Մասնագետը միաժամանակ շեշտում է, որ ոչ բոլոր տոնզիլիտների դեպքում են ցուցված հակամանրէային և վիրահատական բուժում։

Տոնզիլիտի հիմնական նշաններն են՝

      • կոկորդացավը
      • ջերմության բարձրացումը
      • բկանցքի կարմրությունը, նշիկներին սպիտակամոխրագույն փառի առկայությունը
      • հազը՝ վիրուսային ծագման տոնզիլիտի դեպքում
      • քթահոսությունը և քթային շնչառության դժվարացումը՝ վիրուսային ծագման տոնզիլիտի դեպքում
      • ավշային հանգույցների բորբոքումը։

Վանուհի Սահակյանը հորդորում է երեխայի մոտ նման նշանների կամ գանգատների առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ դիմել մանկաբույժին։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00