Skip to content

ՍՐՏԱԲԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈւՄ Է ՁԵՐ ՀԱՐՑԻՆ

Եվ այսպես, ինչպես խոստացել էինք, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբան Անի Ալեքսանյանը պատասխանում է Ձեր կողմից հնչեցված հարցերին։

Լուսինեն հարցնում է՝

Ի՞նչ է իրենից ներկայացնում միջփորոքային միջնապատի դեֆեկտը, ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել, կա՞ ժառանգականության գործոն և, արդյո՞ք, կյանքին կարող է վտանգ սպառնալ։

Պատասխանում է սրտաբան Անի Ալեքսանյանը՝

Միջփորոքային միջնապատի դեֆեկտը բնածին արատ է, երբ միջփորոքային միջնապատի որևէ հատվածում կա անցք՝ դեֆեկտ, որով հավելյալ արյան քանակ է անցնում սրտի ձախ փորոքից աջ փորոք։ Կախված տեղակայումից, հեմոդինամիկ նշանակալի լինելուց՝ ճիշտ ժամկետներում համապատասխան վիրահատությամբ չշտկելու պարագայում կարող է հանգեցնել սրտային անբավարարության, որոշակի առիթմիաների դրսևորման, որոնք, այո, կարող են նաև կյանքի համար վտանգավոր լինել։

Ընթացքը պայմանավորված է դեֆեկտի տեղակայմամբ և չափսերով։

90 % դեպքերում զարգացման բազմապատճառային դեֆեկտ է, 5% դեպքերում՝ քրոմոսոմային անոմալիաների, 5% դեպքերում՝ գենային մուտացիաների դրսևորման արդյունք։

Աննան հարցնում է՝

Շողացող առիթմիա ունեմ։ Կցանկանայի իմանալ՝ կա՞ն հակացուցումներ ֆիզիկական ակտիվությունների համար (վազք, լող, հեծանիվ քշել և այլն)։

Պատասխանում է սրտաբան Անի Ալեքսանյանը՝

Եթե Շողացող առիթմիան պայմանավորող Ձեր սրտային հիմնական հիվանդությունը չի ենթադրում որոշակի սահմանափակում, ապա Դուք կարող եք զբաղվել որոշակի սպորտաձևերով։ Եթե Ձեր սրտազարկը վերահսկվում է դեղերով, հետևաբար վերահսկված կլինի նաև սրտազարկի ագրավացիան՝ չափից ավելի արագացումն ի պատասխան ակտիվության։ Թույլատրելի ակտիվության տեսակը քննարկեք Ձեզ հսկող սրտաբանի հետ։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00