Skip to content

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, շարունակում է զարգացնել ամբուլատոր ծառայությունները։ Դրա վկայություններից մեկն էլ ժամանակակից մոտեցումներով քիմիաթերապիայի իրականացումն է։

Ի՞նչ է քիմիաթերապիան։

«Վարդանանց»-ի ուռուցքաբան Աննա Ավինյանը նշում է, որ  քաղցկեղային հիվանդության բուժման արդի այս մեթոդի նպատակը հակաուռուցքային դեղամիջոցներով ուռուցքային բջիջների ոչնչացումն է:

Ի տարբերություն քաղցկեղի վիրահատական կամ ճառագայթային բուժման, քիմիաթերապիան ունի թե՛ տեղային, թե՛ համակարգային ազդեցություն՝ ոչնչացնելով նաև ուռուցքի հեռակա մետաստազները:

Ուռուցքն ամբողջությամբ հեռացնելուց հետո հաճախ քաղցկեղային բջիջների նորից բազմանալու, ուռուցքային պրոցեսի կրկնման կամ տարածման ռիսկ է լինում։ Ահա թե ինչու հետվիրահատական քիմիաթերապիան չափազանց կարևոր է:

Քիմիաթերապևտիկ դեղամիջոցները կիրառվում են մեկ, իսկ ավելի հաճախ՝ մի քանի դեղերի համակցությամբ:

Աննա Ավինյանն ընդգծում է, որ հաշվի առնելով  քաղցկեղի տեսակը, ուռուցքի տեղակայվածությունը, չափսերը, հիվանդության փուլը, որոշվում է առավել արդյունավետ դեղը կամ դեղերի համակցությամբ սխեման:

Քիմիաթերապիայի նպատակն է ոչնչացնել ուռուցքային բջիջները, փոքրացնել ուռուցքի չափերը, կանգնեցնել տարածման պրոցեսն ամբողջ օրգանիզմում, փորձել վերացնել կամ մեղմել ուռուցքով պայմանավորված ախտանիշերն, օրինակ՝ ցավը:

Երբեմն քիմիաթերապիան լինում է միակ անհրաժեշտ բուժումը, բայց առավել հաճախ որպես համալիր բուժում այն համատեղվում է վիրահատության կամ ճառագայթային թերապիայի, երբեմն էլ՝ ըստ հերթականության երկուսի հետ:

Քիմիաթերապիան կիրառվում է ինչպես նախքան վիրահատությունը, այնպես էլ՝ վիրահատությունից հետո։

Այսօր շատ հաճախ է կիրառվում նեոադյուվանտ` նախավիրահատական քիմիաթերապիան։ Ուռուցքաբան Ավինյանն ընդգծում է, որ դա թույլ է տալիս հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների՝ քաղցկեղից ապաքինվելու առավել մեծ հնարավորության:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00