Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր հրաշք բալիկն առողջ ապագա ունենա, ուրեմն նրան վաղ հասակից ճիշտ սնուցեք։
Թե ինչպե՞ս, պարզաբանում են «Վարդանանց»ՆԲԿ-ի մանկաբույժները՝ պատասխանելով ծնողների հարցերին։
Հարց – Ե՞րբ սկսեմ երեխայիս հավելյալ սնունդ տալ։
Պատասխան – Երեխայի հավելյալ սնուցումը խորհուրդ է տրվում սկսել 6 ամսականում։ Որոշ դեպքերում մանկաբույժը կարող է խորհուրդ տալ այն սկսել ավելի շուտ։
Հարց – Ինչպե՞ս իմանամ, որ երեխաս պատրաստ է հավելյալ սնունդ ընդունելու։
Պատասխան – Երեխաները, սովորաբար, պատրաստ են լինում հավելյալ սնունդ ընդունելու, երբ կարողանում են ուրիշի օգնությամբ նստել, լավ պահում են պարանոցն ու գլուխը, ձեռքերն ու խաղալիքները բերանն են տանում, հետաքրքրություն են ցուցաբերում սննդի նկատմամբ։
Հարց – Չեմ կարո՞ղ, արդյոք, երեխայիս հավելյալ սնունդ տալ մինչև 4 ամսականը կամ 6 ամսականից հետո։
Պատասխան – Մինչև 4-6 ամսականը հավելյալ սնունդ տալն օգտակար չէ, կարող է անգամ վնասակար լինել։ Իսկ 6 ամսականից ուշը կարող է հանգեցնել թերսնուցման, սակավարյունության, կծելու և ծամելու ունակությունների զարգացման դանդաղեցման, հետագայում տարբեր համերից և կոշտ սննդից հրաժարվելուն։
Հարց – Ի՞նչ սննդատեսակից սկսել։
Պատասխան – Սկսեք մեկ բաղադրիչ պարունակող սննդից (ընդեղեն, միս, բանջարեղեն, միրգ)։ Առաջին սնունդը պետք է բավականաչափ նոսր, հարած և համասեռ լինի, որպեսզի չառաջացնի կլման դժվարություններ և տրվի միայն գդալով։ Հավելյալ սնունդը անհրաժեշտ է ներմուծել աստիճանաբար՝ սկսելով 1-2 գդալից և 7-10 օրվա ընթացքում ավելացնել խտությունն ու քանակը։
Հարց – Ինչպե՞ս պատրաստեմ երեխայիս սնունդը։
Պատասխան – Պատրաստեք սովորականի պես, միայն թե շաքարավազ և աղ մի ավելացրեք։ Փոքրիկները դրանց կարիքը չունեն։
Հարց – Կարո՞ղ եմ, արդյոք, երեխայիս տալ պատրաստի մանկական սնունդ։
Պատասխան – Այո։ Միայն թե հետևեք տուփի վրա նշված պահպանման կանոններին։ Տնային պայմաններում պատրաստված սննդի հետ մեկտեղ տվեք պատրաստի մանկական սնունդ, քանի որ դրանք հարստացված են երկաթով և անհրաժեշտ այլ նյութերով։
Հարց – Երեխան ե՞րբ կարող է ինքնուրույն ուտել։
Պատասխան – Երեխաները, սովորաբար, սննդի կտորներն ինքնուրույն վերցնում և ուտում են 8-10 ամսականում։
«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբույժների թիմը վստահեցնում է՝
միայն ճիշտ և գրագետ կազմակերպած սնուցումը կարող է բավարարել երեխայի աճող օրգանիզմի էներգետիկ պահանջարկը և նպաստել վաղ հասակի երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական և նյարդահոգեբանական ներդաշնակ զարգացմանը։