Skip to content

ԱՏԱՄՆԵՐԻ ԾԿԹՈւՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ՓՈՔՐԻԿԻՆ

Դուք այն կարծիքին եք, թե Ձեր բալիկի մոտ առաջացած լուծը, քթից հոսքը, հազը, ցանը, լնդերի բորբոքումը և  հիվանդագին վիճակները պայմանվորված են ատամի ծկթման հե՞տ։

Բնավ այդպես չէ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբույժ Զարինե Այվազյանը  մեկնաբանում է, որ ատամի ծկթումը համընկնում է այն շրջանի հետ, երբ մայրական հակամարմինների միջոցով ապահովվող պասիվ իմունիտետը թուլանում է։ Միաժամանակ, փոքրիկը շփվում է բազմաթիվ վարակների հետ։

Մանկաբույժը նշում է, որ ատամների ծկթումն առողջ երևույթ է` անգամ, երբ երեխաների մոտ առաջանում է անհանգիստ վիճակ։

Երեխաների մեծ մասի մոտ՝

      • առաջին ատամը ծկթում է մոտ 6 ամսականում
      • 24-30 ամսականում՝ բոլոր 20 կաթնատամները՝ 8 կտրիչ, 4 ժանիք, 8 աղորիք։

Այս ժամկետները տատանվում են լայն սահմաններում։

Առաջինը, սովորաբար, ծկթում են ստորին կենտրոնական կտրիչները, վերջինը՝ աղորիքները։ Անհաս ծնված երեխայի ատամները ծկթում են ավելի ուշ։ Ատամները սովորաբար զույգ-զույգ են ծկթում։

Որո՞նք են ատամի ծկթման ժամանակ դիտվող նշանները՝

      • կծելը
      • թքահոսությունը
      • լնդերի քորը
      • անհանգստությունը
      • երբեմն՝ ջերմության բարձրացումը։

Ինչպե՞ս օգնել փոքրիկին։

Զարինե Այվազյանը հորդորում է ազդել տեղային ախտանիշների վրա։ Հարմար են ծկթման համար նախատեսված սառեցվող օղակները, որոնք պետք է պահել սառնարանում։ Եթե երեխան արդեն պինդ սննդամթերք է ուտում, կարելի է նաև սառը բանջարեղեն տալ։

Չի կարելի լնդերին սպիրտ քսել, դա անարդյունավետ է և վտանգավոր։

Անհանգստությունը նվազեցնելու համար կարելի է երեխային տալ պարացետամոլ կամ նուրոֆեն՝ դեղաչափը ճշտելով մանկաբույժի հետ։ Կան նաև տարբեր հիմքերով տեղային օգտագործման անզգայացնող, ցավազրկող գելեր, որոնք նույնպես պետք է օգտագործել ճիշտ հաճախականությամբ։

«Վարդանանց»-ի մանկաբույժները միշտ պատրաստ են աջակցել Ձեր բալիկների առողջության և ճիշտ զարգացման ապահովմանը՝ հենվելով աշխարհի նորագույն փորձի վրա։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00