
«Մենք վստահ ենք՝ պացիենտը ոչ թե պետք է հավատա պահապան հրեշտակին, այլ հաստատ իմանա, որ իր ստացած բուժումը ճիշտ է»,-Լևոն Ալթունյան, «Վարդանանց» ՆԲԿ խորհրդի նախագահ։
Այս սկզբունքով են առաջնորդվում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում:
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը։
Գրքի շուրջ 600 էջում ամփոփված են տարածված հիվանդությունների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։
Գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը նշեց, որ գրքի նպատակն է ծանոթացնել մասնագիտական հանրությանը և լայն հասարակությանը ժամանակակից միջազգային մոտեցումներին, որոնք հաջողությամբ կիրառվում են «Վարդանանց» ՆԲԿ-ում։
«Այս գիրքը ներկայացնում է լավագույն միջազգային փորձը, որը մենք գտել, ընտրել ու թարգմանել ենք՝ պատրաստելով գործելակարգերի ժողովածու։ Այսինքն, այն ներկայացնում է, թե բուժառուի գանգատներից ելնելով՝ բժիշկը ինչ քայլեր պետք է ձեռնարկի կարճ ճանապարհով ճիշտ ախտորոշում կատարելու և գրագետ բուժում նշանակելու համար։ Սա շատ դժվար և պատասխանատու աշխատանք էր, բայց վերջնանպատակը արդարացնում է բոլոր դժվարությունները, երբ տեսնում ենք պացիենտի գոհունակությունը, քանի որ նա զգում է, որ մենք առաջնորդվում ենք լավագույն փորձով»,- ասաց Հարություն Մանգոյանը։

Այս պահին գիրքը ներառում է առօրյա պրակտիկայում կիրառվող 137 գործելակարգերի նկարագրություն։ Առաջիկայում նախատեսվում է համալրել ժողովածուն և ներառել 695 գործելակարգեր, որոնք կարդիականացվեն տարին մեկ անգամ։
«Վարդանանց» ՆԲԿ-ի թերապևտ Ֆենյա Սարգսյանն ասում է, որ մեծ պատասխանատվությամբ են աշխատել․
«Աշխատանքը բարդ էր, պատասխանատու, բայց հետաքրքիր։ Մենք հասկանում էինք, որ ստեղծում ենք այնպիսի ուղեցույց, որով պետք է Հայաստանի շատ բժիշկներ առաջնորդվեն, և շատերի աշխատանքը պետք է հեշտանա»։

«Առաջին դեպքն է, որ հայերեն այսպիսի ծավալուն աշխատություն է ներկայացվում, «Վարդանանց» ՆԲԿ -ում երկար ճանապարհ են անցել այն պատրաստելու՝ թարգմանելու, տեղայնացնելու համար։ Կառուցվածքը ինձ շատ դուր եկավ՝ ոչ միայն բուժումն է ներառված, այլ նաև կանխարգելումը, ինչը շատ կարևոր է»,- նշեց շնորհանդեսի բանախոսներից Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը։
Թեև գիրքը վաճառվելու է 55․000 դրամով, շնորհանդեսին ներկա առաջնային օղակի թերապևտները և ընտանեկան բժիշկները «Բուժում է Վարդանանցը» գիրքը ստացան որպես նվեր: Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել ՝ 1.000.000 դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում համոզված են, որ «Բուժում է Վարդանանցը» կդառնա առողջապահության ոլորտի հատկապես առաջնային օղակի բժիշկների սեղանի գիրքը և կօգնի նրանց իրենց գործունեությունը համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին։ Իսկ «Վարդանանց»-ում այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և 2023 թվականին լույս կտեսնի հավաքածուի համալրված ևս մեկ հատորը: