
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐԱԿՎՈւՄ ՄԻԱՎ-ՈՎ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԱՎ-Ի ԵՎ ՁԻԱՀ-Ի ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ՄԻԱՎԸ ԵՎ ՀՂԻՈւԹՅՈւՆԸ
Օրվա խորհրդով այս և այլ հարցերին է անդրադառնում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։
ՄԻԱՎ վարակը երկարատև քրոնիկ հիվանդություն է, որի հարուցիչն ախտահարում է մարդու իմունային համակարգը։
Իմունային համակարգն օրգանիզմի պաշտպանական համակարգն է, որի շնորհիվ մարդը պայքարում է վարակների, օտարածին նյութերի դեմ։ ՄԻԱՎ վարակի ժամանակ օրգանիզմն այլևս չի կարողանում պայքարել վարակների դեմ։
ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, հիվանդության փուլն է, երբ իմունիտետի թուլացման հետևանքով գլուխ են բարձրացնում տարբեր հիվանդություններ։
ՄԻԱՎ-ով վարակվելուց մինչև ՁԻԱՀ-ի զարգացումը կարող է անցնել մի քանի ամսից մինչև մի քանի տարի (միջինում՝ 7-15 տարի)։
ՄԱՐԴԸ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎՈւՄ Է, երբ նրա օրգանիզմ են ներթափանցում ՄԻԱՎ վարակով հիվանդի արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտադրությունը։ Վիրուսը օրգանիզմ կարող է թափանցել լորձաթաղանթների և վնասված մաշկի միջոցով։
Ի՞ՆՉՊԵՍ Է ՓՈԽԱՆՑՎՈւՄ ՄԻԱՎ-Ը՝
-
-
- առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ
- ներերակային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործելիս
- վարակված դոնորական արյան փոխներարկման ժամանակ
- ՄԻԱՎ-ով վարակված մորից պտղին՝ հղիության և ծննդաբերության ընթացքում կամ նորածնին կրծքով կերակրելիս։
-
ՄԻԱՎ-ը երկար չի կարող գոյատևել օրգանիզմից դուրս, այնպես որ Դուք չեք վարակվի ՄԻԱՎ վարակով հիվանդի հետ կենցաղային շփման ընթացքում։
ՎԻՐՈւՍԸ ՉԻ ՓՈԽԱՆՑՎՈւՄ՝
-
-
- Հազի, փռշտոցի միջոցով
- Սննդամթերքի միջոցով
- Ընդհանուր սպասքից և կենցաղային առարկաներից օգտվելու դեպքում
- Ընդհանուր սանհանգույցից, լոգարանից օգտվելու դեպքում
- Հագուստի և սպիտակեղենի միջոցով։
-
ՈՐՈ՞Ք ԵՆ ՄԻԱՎ-Ի ԵՎ ՁԻԱՀ-Ի ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ։
Վարակվելուց հետո մարդը հիմնականում որևէ ախտանշան չի ունենում։ Որոշ դեպքերում կարող են դիտվել հարբուխանման երևույթներ, որի ժամանակ դիտվում է․
-
-
- բարձր ջերմություն
- գլխացավ
- թուլություն
- պարանոցի ավշային հանգույցների մեծացում։
-
Այս ախտանշանները, սովորաբար, մի քանի շաբաթ անց ինքնուրույն անցնում են։ Այնուհետև սկսվում է հիվանդության «թաքնված» շրջանը, որի ժամանակ վարակակիրը կարող է իրեն լավ զգալ, ունենալ առողջ տեսք և չկասկածել, որ վարակված է ՄԻԱՎ-ով։
Սակայն, նա կարող է փոխանցել վարակը։ Այս շրջանը կարող է տևել 7-15 տարի։ Այդ ընթացքում վիրուսը շարունակում է բազմանալ և ոչնչացնել իմունային համակարգի բջիջները, և առողջ մարդու համար ոչ վտանգավոր ամենաթեթև հիվանդություններն անգամ, ՄԻԱՎ-ով վարակվածի մոտ շատ ծանր ընթացք են ստանում։
Բուժվո՞ւմ է, արդյոք, ՄԻԱՎ-ը։
Ցավոք, մինչ այժմ չի գտնվել դեղամիջոց, որ հիմնովին բուժի ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը։ Գոյություն ունեցող, այսպես կոչված, հակառետրովիրուսային դեղամիջոցները կարող են միայն հետաձգել ՄԻԱՎ-ի անցումը ՁԻԱՀ-ի փուլին, երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը և բարելավել կյանքի որակը։
ՄԻԱՎ վարակով հիվանդը համապատասխան բուժման, առողջ ապրելակերպի, սննդակարգի և հիգիենայի կանոնների պահպանման դեպքում երկար տարիներ կարող է խուսափել բազմաթիվ բարդություններից և ունենալ լավ ինքնազգացողություն։
Փորձառու գինեկոլգ Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հորդորում է հղիության դեպքում հնարավորինս վաղ այցելել կանանց կոնսուլտացիա։
Հայաստանում բոլոր հղիներին առաջարկվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ հիվանդության վաղ ախտորոշման և երեխային վարակի փոխանցումը կանխելու համար։
ՄԻԱՎ վարակով հիվանդ մորից երեխային վարակի փոխանցման հավանականությունը կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում կազմում է 25-45%, իսկ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հասցվում է 1-5%-ի։
Եթե պլանավորում եք հղիություն, ապա մի խուսափեք հետազոտվել ՄԻԱՎ-ի և սեռավարակների վերաբերյալ։
«Վարդանանց» ՆԲԿ-ում կարող եք չանհանգստանալ Ձեր և Ձեր փոքրիկի առողջության համար։ Գինեկոլոգների մեր թիմը Ձեր համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումը կապահովի աշխարհի լավագույն ուղեցույցներով։