Skip to content

ՀՈւԶԻՉ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ՄԻ ՎԱՐՍԱՎԻՐԻ ՄԱՍԻՆ

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ՈւՄ ՁԳՏՈւՄ ԵՆ ԱՅՍՊԻՍԻ ՈՐԱԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

– Հայրիկ, ազնիվ խոսք։ Ես Վիտալիկին էի նշան բռնել,-ճչում էի ես՝ խույս տալով գոտու հարվածից։

– Դու գիտե՞ս, թե ի՞նչ արժե այդ ապակին,- գոռում էր հայրս։ – Ես քեզ պիտի վաճառեմ, որ վճարեմ այդ ապակու համար։

– Նրան ինձ վաճառեք։ Ինձ էլ հենց օգնական է անհրաժեշտ,- հորս ասաց վարսավիրը, ում ապակին կոտրել էի։ 

Վարսավիրանոցը մեր շենքի նկուղում էր։ Անհիշելի ժամանակներից ուշադրություն էր գրավում «Գեղարվեստական կտրվածք և սափրում» ցուցանակը, որն ամեն գարնանամուտին խնամքով թարմացվում էր։     Այնտեղ մոտակա չորս թաղամասի ավագ և կրտսեր սերունդներն իրենց մազերն էին կտրում ու հարդարում։

Այնտեղ իմանում էին փարիզյան նորաձևության ու դիմացի տան նորությունների մասին։ 

Այնտեղ միշտ օծանելիքների և շամպունների հաճելի բույրն էր թևածում։ Վարսավիր Իվան Իվանովիչն ապրում էր մեր շենքում՝ մեզնից մեկ հարկ վեր։ Նա փայլուն կոշիկներ էր հագնում, թիթեռնիկների հավաքածուն էր հարստացնում և բոլոր կանանց կոչում էր տիկին՝ անկախ տարիքից։

– Իմ անունը Իվ Իվ է,- ասաց Իվան Իվանովիչը՝ ինձ տալով ավելն ու գոգաթիակը։ – Քեզ կկոչեմ դեռահասիկ։ Ես կտրում եմ, դու հավաքում ես։ Ջրում ես ֆիկուսները, թեյ ես պատրաստում, իսկ առայժմ սսկվում ես անկյունում։

Առաջին հաճախորդուհին սպասեցնել չտվեց։

Նյարդային, գզգզված մազերով կինը նետվեց բազկաթոռին, հայելու մեջ բծախնդրորեն զննեց իրեն և քենախնդիր նետեց՝

– Խուզեք։

– Ինչպե՞ս,-անվրդով հարցրեց ԻՎ Իվը։

– Կարճ։ Ճաղատացրու։ Գրողը տանի նրան։

– Տիկնոջը թեյ,-ինձ շշնջաց Իվ Իվը և սկսեց զգուշորեն սանրել խճճված շագանակագույն խոպոպիկները։

– Գիտեք, տիկին, ես եղբորորդի ունեմ,-փայլեցնելով սանրը՝ ցածրաձայն ասում է Իվ Իվը,-ահա նա…

Ես բերել էի թեյը։ Հաճախորդուհին քրքջաց։

– Դուք միշտ ինձ ծիծաղեցնում եք, Իվան Իվանովիչ։

– Աշխատանքն է այդպիսին, տիկին,-Իվ Իվը տարածեց ձեռքերը։

Այդպես էլ նա կնոջ մազերը շատ կարճ չկտրեց և ոչ էլ խուզեց։ Գլուխը լվաց, մազերը փաթաթեց, չորացրեց, սանրեց, լաք փչեց՝ անընդհատ աշխուժորեն նրա ականջին ինչ-որ բան շշնջալով։

– Բայց նա խնդրեց շատ կարճ կտրվածք անել,-մտահոգ հարցրի ես, երբ հաճախորդուհին հեռացավ՝ թափ տալով խնամքով դարսված խիտ խոպոպիկները։  

– Դու ի՞նչ ես հասկանում։ Նա ինձ մոտ է գալիս ամեն անգամ, երբ ամուսինն ուրիշ կնոջ մոտ է գնում։ Ես նրան Աֆրոդիտե եմ դարձնում և ամուսինն անմիջապես վերադառնում է։ Դե, սրիկա է։ Կանայք պետք է խոսեն, լաց լինեն, սպառնան։ «Ճաղատացրու, գրողը տանի նրան»։

Հետո եկավ մեր բակի հայտնի երաժիշտը։

Երաժիշտն անզուսպ թափ տալով ձեռքերը, պատմում էր, թե քաղաքային այգում ինչպես է ղեկավարել նվագախումբը, մինչև Իվ Իվը նրան կբարուրեր վարսավիրական գոգնոցով ու կսկեր զբաղվել նրա նոսրացող գանգուրներով։   

Բոլորից գաղտնի երաժիշտը… բայց դա գաղտնիք է։

– Դուք արվեստի մարդ եք, ես էլ եմ արվեստի մարդ,-մկրատով շխկացնելով ասում է Իվ Իվը։ Եթե ուզում եք իմանալ՝ սանրվածքը մի ամբողջ սիմֆոնիա է։ Յուրաքանչյուր մազափունջը, ինչպես նոտան, պետք է իր տեղում լինի։

 – Ինչպե՞ս կարելի է համեմատել,- զայրացած չճաց երաժիշտը, և Իվ Իվը նրա դեմքն արագ ծածկեց տաք անձեռոցիկով։

– Կոմպրես,-հաճախորդի այտերին թեթև տպտպացնելով շարունակեց Իվ Իվը։- Դա…

Նրանք բաժանվեցին միմյանցից լիովին գոհ։

– Հարկավոր է որսալ, թե ի՞նչ է ցանկանում հաճախորդը։ Չէ որ նա բառերով դա չի արտահայտում։ Նա պարզապես դրա համար բառեր չի գտնում,- մկրատը թափահարելով մարգարեանում է Իվ Իվը։  

Այդ պահին մտնում է մռայլ երիտասարդը։

– Այստեղ կարո՞ղ եմ կտրել մազերս,-կասկածանքով ուսումնասիրելով շուրջբոլորը՝ հարցրեց նա։

– Դուք ցանկանում եք աղջկա՞ դուր գալ,-փաղաքշանքով հարցեց Իվ Իվը։

Մռայլ երիտասարդը կարմրեց։

– Դեռահասիկ, դուրս արի, քեզ համար գազով ջուր գնիր։

Շուտով մեր հաճախորդը կողքովս անցավ։  Իվ Իվը նրա մազերը չէր կտրել։ Փոխարենը՝ մարդը սկսել էր ժպտալ…

– … Թռչնակս, սքանչելիս, ցանկանո՞ւմ եք թեթև, գարնանային ինչ-որ բան,-անբարետես, խղճուկ տեսքով աղջկան քնքշորեն ասաց Իվ Իվն ու գործի անցավ։

Աղջիկը մտել էր պարզապես մազերն ուղղելու համար։ Իվ Իվը գեղեցիկ,  կարճ սանրվածք արեց և զարդարեց կապույտ, դեղին, կանաչ ու նարնջագույն փետուրներով։ Աղջիկն իրեն նայեց բոլոր կողմերից,  չարաճճիորեն թփթփացրեց ականջներին ու ճախրելով հեռացավ։

Ես արդեն որևէ բանից չեմ զարմանում։

– Տեսնո՞ւմ ես, դեռահասիկ։ Վարսավիրը քեզ համար դռնապան չէ։ Արա՛գ ավլիր։

Ներս մտավ միջին տարիքի պերճաշուք, թանկ ու քաղցր բուրմունքով մի տիկին։

– Կարճ եմ ուզում,-քմահաճորեն ասաց կինը։

– Բոլորն են կարճ ուզում,-պատասխանեց Իվ Իվը՝ նստեցնելով հաճախորդին։ Մազերը, տիկին, մորթախավ են։ Տղամարդիկ որսորդ են։ Որքան երկար է մորթախավը՝ այնքան թանկ է։ 

– Դուք վստա՞հ եք,-կասկածանքով հարցրեց կինը։

– Տիկին,-սրտին սեղսելով մկրատն ասաց Իվ Իվը,- եթե չլինեին իմ 250…, ես չէի…

– Սուտասա՛ն,-շառագունեց հաճախորդուհին։

Իվ Իվը նրա մազերը գանգրացրեց։

– Բոլորը կարճ մազեր են ուզում։ Նոր ժամանակ, նոր մոդա։ Նորաձևությունն անցնում է, գեղեցկությունը՝ մնում։ Հիմա բոլորը շտապում են, վազվզուքի մեջ են։ Ո՞ւր են շտապում,-վրդովվեց Իվ Իվը։

Հայտնվեց մայրն աղջկա հետ։

– Ահա, Դուք հյուսապատել եք, Դուք էլ քանդեք,-աստիճաններից մեզ մոտ իջնելով գոռում էր մայրը։

Աղջկա գլխի բոլոր կողմերից ցցված էր մոտ 100 հյուս։ 

– Տիկին, ես ցանկացել եմ թեթևացնել Ձեր կյանքը։ Ամենաքիչը երկու շաբաթ Ձեր երեխայի մազերը սանրելու կարիք չի լինի։ Տիկին, Դուք հինգ երեխա ունեք, պահպանեք Ձեր նյարդերը,-համբուրելով նրա ձեռքը՝ սկսեց Իվ Իվը։

– Իսկ ի՞նչ կասի ամուսինս։ Նա վաղը վերադառնում է գործուղումից,-շարունակեց կինը։

– Իսկ Դուք երեխային լայնեզր գլխարկ հագցրեք և ոչինչ չի երեևա,-խորհուրդ տվեց Իվ Իվը, ապա հավելեց՝ Տիկին, իսկ ժամանակը չէ՞ Ձեր մազերը ներկելու։ Ամոււսնու վերադարձի առթիվ։

Կինը ձեռքը թափ տվեց ու նստեց բազկաթոռին։

– Ես դեռ շուկա պիտի գնամ։ Նա ուզում է, որ իր վերադարձին լցոնած ձուկ պատրաստեմ։ Կարծես սիբիրյան աքսորից է վերադառնում։ Ամեն շաբաթ նա գործուղման է մեկնում, և ամեն շաբաթ ես այդ ձուկն եմ պատրաստում։ Ասյա, ձեռք մի՛ տուր ֆիկուսին։ Աստված, իմ, սա ինչ երեխա է…

– Գիտեք, տիկին, իմ եղբորորդին…

– Նա էլ է՞ սիրում լցոնած ձուկ։

– Ոչ, բայց ես իրեն սիրում եմ։

– Ես Ձեզ համար մի կտոր կբերեմ։

Իվ Իվը կտրեց Ասյայի մայրիկի մազերը, Ասյան՝ ֆիկուսը, ես ավլեցի…

– Համա թե օր էր…, -հոգոց հանեց Իվ Իվը՝ նայելով ժամացույցին,-փակվում ենք։

Ես արդեն ուզում էի կողպել դուռը, երբ ներս խուժեց փողկապով, տռուզ պորտֆելով հեվացող տղամարդը։

– Բժիշկ, -գոռաց նա։

– Ես բժիշկ չեմ,-խիստ ասաց Իվ Իվը։

– Միևնույնն է,-տղամարդը հանեց գլխարկը։-Ինձ ասել են, որ Դուք հրաշքներ եք գործում։ Ես Ձեզ աղաչում եմ, մի բան արեք։

Իվ Իվը նայեց նրա գլխին և պահարանից հանեց մեծ մութ սրվակը։

– Ահա, ամեն օր դրանով շփեք։

– Եվ կօգնի՞,-հույսով բացականչեց հաճախորդը։

– Ինչպե՞ս ասեմ,-դանդաղեց Իվ Իվը։ -Ոչ։ Բայց նկատելի կհանգստանաք։

Իվ Իվն ու հաճախորդը նայեցին միմյանց և դատապարտված հառաչեցին։

Նրանք երկուսն էլ բացարձակ ճաղատ էին…

 

Ելենա Սավրանսկայա