Skip to content

ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ ԵՎ ՀՂԻՈւԹՅՈւՆԸ։ Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ ԱՅՍՕՐ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դեռևս մարտին անդրադարձել էր շատերին հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հղիության ընթացքի վրա:

Աշխարհում կատարվող ուսումնասիրությունների արդյուքում այս ամիսների ընթացքում որոշ մոտեցումներ ու տվյալներ փոփոխվել են։

Մասնագետը նշում է, որ այժմ կորոնավիրուսով վարակված հղիներն առանձնացվում են որպես ռիսկի խումբ։

Դա նշանակում է, որ հղիների մոտ կորոնավիրուսային վարակը կարող է ընթանալ բարդություններով և ունենալ առավել ծանր ընթացք (CDC):

Չնայած դրան, Մանկաբարձ-գինեկոլոգների արքայական քոլեջի տվյալներով (RCOG)՝ հղիների մեծամասնության մոտ հիվանդությունն ընթանում է թեթև կամ միջին ծանրությամբ։

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ասիացի և սևամորթ կանանց շրջանում հիվանդությունն առավեապես ծանր ընթացք է ունենում։

Գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նաև տեղեկացնում է, որ այժմյան տվյալներով ծանր ընթացքի հավանականությունը մեծ է՝

  • 35-ից բարձր տարիքի հղիների
  • Ավելորդ քաշ ունեցող հղիների
  • ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունեցող (շաքարային դիաբետ, զարկերակային բարձր ճնշում և այլն) հղի կանանց շրջանում։

Մասնագետը շեշտում է, որ տվյալ պահին չկան հավաստի տվյալներ այն մասին, որ կորոնավիրուսային վարակը հղիության ընթացքում կարող է որևէ կերպ վնասել պտղին, արատների զարգացման, չզարգացող հղիության կամ վիժման պատճառ դառնալ։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ։

      • Առաջին հերթին խուճապի չմատնվել։ Պարտադիր չէ, որ Ձեզ մոտ որևէ բարդություն պետք է լինի։
      • Պետք է գտնվեք Ձեր գինեկոլոգի մշտական հսկողության ներքո և հետևեք նրա բոլոր խորհուրդներին։ Ամենամեծ սխալը, որ կարող եք թույլ տալ այս օրերին` բժշկին այցելելուց խուսափելն է։
      • Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը մշտապես քննարկեք Ձեր հղիությունը վարող բժշկի հետ։

Կրծքի կաթով կորոնավիրուսային վարակի փոխանցումը ևս ապացուցված չէ։

Պետք է հաշվի առնել, որ կրծքով կերակրելը մի շարք առավելություններ ունի, ներառյալ՝ ամուր իմունային համակարգի ապահովումը։ Զգուշության համար կարելի է կաթը կթել, և բալիկին կերակրի ընտանիքի որևէ առողջ անդամը։ Այդպես նվազագույնին կհասցվի վարակված մոր և բալիկի սերտ կոնտակտը։

Պահպանե՛ք կանխարգելիչ հակահամաճարակային բոլոր կանոնները։

Եղե՛ք պաշտպանված և առողջ։

Օգտվե՛ք «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգիական բարձրակարգ ծառայությունից։