Skip to content

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԵԽԱՅԻ ԱՉՔԵՐԻ ՈՉ ՍԻՄԵՏՐԻԿ ՇԱՐԺՈւՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ ԼԻՆԵԼ

ՀԱՐՑՆՈւՄ Է ԾՆՈՂԸ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ակնաբույժ Հասմիկ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ներկայացնում է, որ նման խնդիր առաջանում է Դուեյնի համախտանիշի՝ աչքերի հազվադեպ հանդիպող համակցված շարժումների բնածին խանգարման ժամանակ: Երկկողմանի կամ միակողմանի Դուեյնի համախտանիշի դեպքում երեխաները չեն կարողանում կամ սահմանափակ են շարժում աչքը դեպի դուրս կամ դեպի ներս։ Հաճախ նկատվում է աչքի ներանկում և ակնաճեղքի նեղացում՝ հայացքը դեպի քիթը թեքելիս:

Այս համախտանիշի պատճառը աչքը դեպի դուրս թեքող նյարդի կորիզի բնածին բացակայությունն է կամ թերաճը:

Ակնաբույժ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ դիմած 10 տարեկան աղջկա ծնողները նշում էին, որ շուրջ 2-3 տարի երեխայի մոտ նկատվում է ակնաճեղքերի մերթընդմերթ նեղացում՝ պայմանավորված հայացքի ուղղությունից, ինչպես նաև դեպի դուրս նայելու անհնարինություն:

Զննման տվյալներով՝

      • երկու աչքերի տեսողության սրությունը՝ 100%
      • ուղիղ նայելիս շլություն չկա
      • ձախ նայելիս ձախ աչքն անշարժ Է, ակնաճեղքը՝ նեղացած
      • աջ նայելիս աջ աչքն անշարժ է, ձախ ակնաճեղքը՝ նեղացած
      • հայացքը դեպի վեր սահմանափակ է
      • ակնահատակը՝ տարիքային նորմայի սահմաններում։

Այս հիվանդությունը սովորաբար բացահայտվում  է 10 տարեկանում։

Այն հանդիպում է շլություն ունեցողների 1-5%-ի շրջանում, ավելի հաճախ՝ աղջիկների
մոտ։

Հասմիկ ՆԵՐՍԵՍՅԱՆՆ ընդգծում է՝

պացիենտների մեծ մասը բուժման կարիք չի ունենում, քանի որ տեսողության սրությունը պահպանվում է՝ բարձր, և ուղիղ նայելիս աչքերի դիրքը ճիշտ է:

Վիրաբուժական, աչքի դիրքի շտկման միջամտություն կատարվում է միակողմանի համախտանիշի դեպքում, երբ երեխան երկկողմանի տեսողություն պահպանելու համար գլխի
հարկադիր դիրք է ընդունում։

Եթե Ձեր երեխայի մոտ նկատվում են Դուեյնի համախտանիշի նշաններ, ապա առաջին քայլը, որ պետք է կատարել՝ մասնագետին դիմելն է։

«Վարդանանց» ՆԲԿ-ի ակնաբույժները Ձեզ ոչ միայն լիարժեք տեղեկատվություն կտրամադրեն հիվանդության ընթացքի և կանխատեսումների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում տեսողությունը կշտկեն ակնոցի միջոցով, այլև դինամիկ հսկողություն կսահմանեն՝ ցուցաբերելով հոգեբանական աջակցություն:
 
Լուսանկարը՝ համացանցից՝ ազատ օգտագործման թույլտվությամբ: