Skip to content

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՉՔԻ ՑԱՆՑԵՆՈւ ԱՅՐՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌ

Ոչինչ չի խանգարում «Վարդանանց» ՆԲԿ-ում կլինիկական հետաքրքիր դեպքերի շարունակական քննարկումներին։ Միայն թե դրանք հիմա հեռավար են անցնում։

Հերթական դեպքը ներկայացրել է ակնաբույժ Հասմիկ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ։

31-ամյա պացիենտը մասնագետին էր դիմել՝ գանգատվելով տեսողության անկումից և կենտրոնական տեսադաշտում սև օղակների առկայությունից: Գանգատներն ի հայտ էին եկել լազերային կապույտ գույնի լամպին ուղիղ  նայելուց անմիջապես հետո:

Հետազոտության ժամանակ աջ աչքի տեսողության սրությունը եղել է 5 տող (10-ի փոխարեն), իսկ ձախ աչքի տեսողության սրությունը՝ 2 տող (10 ի փոխարեն): Ակնահատակում առկա էր ցանցենու կենտրոնոկան հատվածի օղակաձև այրվացք

Փոփոխությունների բնույթը և խորությունը ճշտելու նպատակով կատարվել է ՕԿՏ (օպտիկական կոգերենտ տոմոգրաֆիա)։ Արդյունքում բացահայտվել են ցանցենու կենտրոնական հատվածի բոլոր շերտերի սպիական փոփոխությունները:

Հասմիկ Ներսեսյանի նշանակած բուժումից 3 շաբաթ անց պացիենտի տեսողության սրությունը բարձրացել է. աջ աչքինը 5-ից  դարձել է 9 տող, իսկ ձախ աչքինը՝ 2-ից 7 տող:  

Քննարկման ընթացքում նշվել է, որ գովազդային վահանակներում և սուպերմարկետներում կիրառվող վառ կապույտ լույսի աղբյուրները՝ լապտերները և լազերային ցուցանակները վտանգ են ներկայացնում։ Սակայն դրանց վնասակարության մասին գրեթե չի խոսվում։

Նշվել է նաև, որ խորիորետինալ այրվացք կարող է առաջացնել 0.7-1կալ/սմ2*վ  էներգիան: Այս դեպքում առավել վնասակար են սպեկտրի միկրոալիքային մասը կազմող կապույտ  և մանուշակագույն առավել ինտենսիվ՝ շատ վառ, գույները:

Ցանցենու նմանատիպ այրվածքի պատկեր ի հայտ է գալիս առանց արևային պաշտպանիչ ակնոցների արևի խավարմանը երկարատև հետևելու դեպքում:

Մարդու օրգանիզմում առկա է ցանցենու բջիջների բնական պաշտպան հակաօքսիդանտ ալֆատոկոֆերոլ՝ վիտամին E-ն: Դրա քանակի նվազման դեպքում նույնպես հնարավոր է ցանցենու ֆոտովնասում հիշեցնող պատկերի առաջացում:

Փորձառու ակնաբույժ Հասմիկ Ներեսյանը նշում է՝

      • Ցանցենու համար կապույտ լույսն առավել ազդեցիկ է։
      • Պետք է խուսափել կապույտ լույսի ուղիղ, նույնիսկ կարճ (≤ 30 վայրկ.) ազդեցությունից։
      • Կապույտ լույսի աղբյուրների հետ վարվելու կանոններին անհրաժեշտ է ծանոթացնել երեխաներին և դեռահասներին։
      • Դրանից պաշտանվելու համար արդյունավետ են դեղին և նարնջագույն ապակիներով ակնոցները, թեև դրանք էլ 100 % անվտանգություն չեն ապահովում։
      • Վիտամին  Е-ն ցանցենու բնական  պաշտպան է և օգտագործվում է համալիր բուժման մեջ։

«Վարդանանց»-ի ակնաբույժներն աչքի հիվանդությունների ախտորոշումը,  բուժումը և հետագա հսկողությունը կատարում են աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված ժամանակակից մոտեցումներով։

 

Դիմեք և կհամոզվեք ինքներդ։