Skip to content

ԹՈՔԱԲՈՐԲՆ ԱԽՏՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ. ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Մեկ տարուց ավելի է, ինչ COVID-19-ը հաղթարշավով անցավ ողջ մոլորակով։ Եղան ցավալի կորուստներ, փրկված կյանքեր, առողջապահական համակարգերի փոփոխություններ, տեղեկատվական աննախադեպ աղմուկ և «ամենափրկիչ» դեղերի շնորհանդեսներ։

Այժմ գիտական աշխարհն ամփոփում է իր փորձը և մշակում խորհուրդներ, որոնք կօգնեն ապագայում ավելի լավ պատրաստավել նման աղետներին։ Եկել է «քարերը հավաքելու ժամանակը»՝ հույզերն ու խուճապը փոխարինելով սառը հաշվարկով և փաստերով։ Այս գործով զբաղվում են ապացուցողական բժշկության մի քանի հեղինակավոր կենտրոններ, որոնցից ամենից հայտնին Կոքրեյնի շտեմարանն է։

Իր վերջին ամփոփումներից մեկում https://www.cochranelibrary.com/cdsr/doi/10.1002/14651858.CD013639.pub5/full շտեմարանը հստակեցրեց COVID-19-ի ախտորոշման հիմնահարցերը, որոնցից գրեթե ամենաքննարկելին է թոքերի ճառագայթաբանական քննության օպտիմալ եղանակը։ Խոստովանենք՝ պանդեմիայի սկզբում բոլորս հիմնվում էինք միայն համակարգչային շերտագրության (ՀՇ) վրա։ Մի կողմ թողնելով ճառագայթման բոլոր ռիսկերը, ՀՇ էինք անում բոլորին, ներառյալ՝ տարեցներին, երիտասարդներին, երեխաներին, հղիներին։ Բնակչությունն ինքն էր պահանջում «շտապ նկարել իր թոքերը», բժիշկներն էլ դեմ չէին ազատվել անորոշությունից։ Չէ՞ որ նժարին էր դրված անհայտ ընթացքով և կյանքին վտանգ սպառնացող հիվանդության վաղ հայտնաբերումը։

Այդ համատարած խուճապային ֆոնին COVID-19-ի ժամանակ թոքերի ուլտրաձայնային հետազոտության (ԹՈւՁՀ) մասին առաջին հաղորդագրություններն ուղղակի անտեսվեցին։ «Վարդանանց»-ը, հավատարիմ լինելով իր սկզբունքներին, առաջինը սկսեց կիրառել ԹՈւՁՀ-ն ՀՀ-ում։ Հաղթահարելով առաջին հերթին իր կոլեգաների դիմադրությունը և կարծրատիպերը, որոնք պնդում էին, որ թոքի հյուսվածքը հնարավոր չէ զննել ուլտրաձայնով, իսկ եթե նույնիսկ դա հնարավոր է, ապա, միևնույնն է, ԹՈւՁՀ-ն ուղղակի չի կարելի համեմատել ՀՇ-ի և ռենտգենի հետ։ Մենք շարունակեցինք մեր ուղեգիծը, տիրապետեցինք մեթոդին և սկսեցինք օգնել հարյուրավոր պացիենտների։ Լինում էին օրեր, երբ տասնյակ հղիներ «Վարդանանց»-ում ուլտրաձայնով թոքերի զննում էին անցնում և ստանում ճշգրիտ ախտորոշումներ։

Մարդիկ, վստահելով «Վարդանանց»-ին, պատվիրում էին տնային կանչեր, որոնց ընթացքում մեր հմուտ սոնոգրաֆիստները նույն ծառայությունները մատուցում էին արդեն բուժհիմնարկներից դուրս պայմաններում։ Արդյունքում ՝ թանկարժեք ժամանակի տնտեսում, բուժման վաղ մեկնարկ, փրկված առողջություն և կյանքեր։

Եվ ահա, մեկ տարի անց ստացանք մեր մոտեցումը հիմնավորող լիարժեք ապացույցներ։ Համաձայն Կոքրեյնի շտեմարանի ամփոփման՝ ԹՈւՁՀ-ը զգայնությամբ հավասար է ՀՇ-ին և նույնիսկ աննշան գերազանցում է վերջինիս՝ 88.9% (95% CI 84.9 – 92.0) և 86.9% (95% CI 83.6 – 89.6) համապատասխանաբար։ Ռենտգենը զիջում է և ՀՇ-ին և ուլտրաձայնին (73.1% 95% CI 64.1 – 80.5) և խորհուրդ չի տրվում իբրև COVID-19-ի ախտորոշիչ միջամտություն։ ՀՇ-ի և ԹՈւՁՀ սպեցիֆիկությունը միջին է, ռենտգենինը՝ ցածր։

Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս փաստերից

• լավագույն ապացույցները վերջնական կուտակվում են միայն որոշ ժամանակ անց, երբ «հանգիստ» պայմաններում կատարվում են լուրջ վերլուծություններ
• նույնիսկ, երբ խոսքը գնում է կյանքին վտանգ սպառնացող վիճակների մասին, պետք չէ անտեսել բժշկելու «մի վնասիր» հիմնարար սկզբունքը
• համաշխարհային լավագույն գիտագործնական փորձին հետևելն ու ներդնելը մեր այսօրվա և ապագա հաջողությունների գրավականն է։