Skip to content

ԱԼՑՀԵՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵՐԵԿ ԱԼՑՀԵՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ

 

Ալցհեյմերի հիվանդությունն աստիճանաբար զարգացող հիվանդություն է, երբ ախտահարվում են ուղեղի բջիջները: Դիտվում է մտածողության, վարքի, բոլոր հմտությունների և ունակությունների խանգարում / կորուստ, որն անհամատեղելի է ինքնուրույն / առանց կողմնակի խնամքի կյանքի հետ:

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենից հաճախ՝ 60-70% դեպքերում հանդիպող տեսակներից մեկն է։ Այս հիվանդությունները շարունակում են մնալ մեծահասակների անաշխատունակության, լիարժեք առողջ ծերություն չունենալու հիմնական պատճառներից մեկը։ Դրանք ոչ միայն կոգնիտիվ ու սոցիալական լուրջ խնդիր են հիվանդի և խնամողի համար, այլև  առողջապահական լուրջ հիմնախնդիր ամբողջ աշխարհում:

Ամբողջ աշխարհում 50 մլն մարդ տառապում է դեմենցիայից, յուրաքանչյուր տարի մոտ 10 մլն նոր դեպք է ավելանում: Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2030թ. հիվանդների թիվը կհասնի 82, իսկ  2050-ին՝ 152 միլիոնի:

Չնայած տարածված կարծիքին՝ դեմենցիան նորմալ ծերացման բնականոն ընթացք չէ:

Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե ՊՈԴՈՍՅԱՆԸ նշում է, հիվանդության սկիզբը հաճախ աննկատ է, ընթացքը՝ դանդաղ: Դիտվում է դեպրեսիվ, կոնֆլիկտային վարք, երբեմնի նախաձեռնող եւ աշխույժ մարդը դառնում է ինքնամփոփ, մոռանում հարազատների անունները, շփոթվում իրեն ծանոթ միջավայրում, օրինակ՝ մոռանում է տան ճանապարհը:

Որո՞նք են ռիսկի գործոնները

Հիվանդության ռիսկի հիմնական գործոններն են՝

      • տարիքը՝ հիվանդների մեծ մասը 65 և բարձր տարիքի են (միայն 9%-ն է 65-ից ցածր)
      • ընտանեկան դեպքեր՝ եթե մոտ հարազատների շրջանում կա դեմեցիայով տառապող հիվանդ
      • գենետիկա՝ հայտնի են կոնկրետ գեների առկայությունը հիվանդության զարգացման հիմքում։

Նյարդաբան ՊՈԴՈՍՅԱՆՆ ընդգծում է, որ նշվածներն ընդամենը բարձրացնում են հավանականությունը։ Սակայն ռիսկի 1 կամ ավելի գործոն ունենալը դեռևս չի նշանակում հիվանդության պարտադիր զարգացում:   

Ալցհեյմերի հիվանդությունը, ցավոք, չի բուժվում: Ներկայիս հայտնի դեղամիջոցները կարող են միայն դանդաղեցնել հարաճող ընթացքը, թեթևացնել սիմպտոմները: 

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը

Հայտնի են միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է նվազեցնել հիվանդության ռիսկը՝

      • ամենօրյա մարզանք/ֆիզիկական ակտիվություն
      • չծխել
      • չչարաշահել ալկոհոլը
      • հետևել սննդակարգին / վերահսկել քաշը
      • հսկել զարկերակային ճնշումը, խոլեստերինի, գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Նյարդաբան ՊՈԴՈՍՅԱՆԸ հորդորում է՝

      • եթե կարծում եք, որ Դուք կամ Ձեր հարազատներից որեէ մեկը կարող է ունենալ Ալցհեյմերի հիվանդություն կամ դեմենցիա, առաջին քայլը, որ պետք է կատարել՝ բժշկին դիմելն է։

Զանգահարե՛ք 060-59-21-00 և գրանցվեք։

«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբանը կօգնի գնահատել ռիսկի գործոնները, վաղ ախտորոշել, հետագա վարման պլան մշակել թե՛ խնամքի, թե՛ հնարավոր դեղամիջոցների ընդունման վերաբերյալ: