Skip to content

ԵՎ ԱՍՏՎԱԾ ԱՍԱՑ. «ԱՃԵՑԵՔ ԵՎ ԲԱԶՄԱՑԵՔ…»

Աստված ստեղծեց մարդկանց Իր պատկերով՝ արու և էգ:

Աստված օրհնեց նրանց և ասաց. «Աճեցեք և բազմացեք…»

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շարունակում է անկեղծ զրույցը երիտասարդ աղջիկների հետ։ Նրանց հետ, ովքեր Աստծո պատգամը կրում են իրենց սրտում ու հոգում։

Եվ այսպես՝ մասնագետի հետ բացահայտում ենք ձվազատման գաղտնիքները։

      • Ինչպե՞ս իմանալ, կա՞ Ձեզ մոտ ձվազատում, թե՞ ոչ։
      • Ինչպե՞ս ինքնուրույն «բռնացնել» օվուլյացիան։

Մասնագետն իր խոսքն ուղղում է նրանց, ովքեր ցանկանում են հղիություն պլանավորել։ Չէ՞ որ հղիանալու ամենահավանական օրերը հենց կապված են օվուլյացիայի հետ։

Գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ընդգծում է՝

      • Ամենակարևորը` կանոնավոր դաշտանային ցիկլն է։ Այս պարագայում մոտ 99% հավանականությամբ Դուք ունեք նաև օվուլյացիա (իսկ թե ո՞րն է կանոնավոր ցիկլը դուք արդեն գիտեք նախորդ մեր զրույցից

Սա ամենևին չի նշանակում, որ եթե ցիկլը անկանոն է (21 օրից պակաս և 35 օրից ավելի), ապա բացարձակ չկա օվուլյացիա։ Այն տեղի է ունենում, ուղղակի ավելի հազվադեպ և ոչ կանոնավոր։

      • Ցիկլի մոտավորապես կեսերին ունենում եք թափանցիկ (ձվի սպիտակուց հիշեցնող) արտադրություն սեռական ուղիներից։
      • Ցիկլի երկրորդ հատվածում շատ աղջիկներ ունենում են կրծքագեղձերի ցավոտություն, «լցվածության» զգացողություն և գերզգայնություն։ Սա ևս օվուլյացիայի հավանական նշան է։

 

Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշում է, որ գոյություն ունեն օվուլյացիայի թեստեր, որոնք 24-36 ժամ առաջ «կանխատեսում են» սպասվող ձվազատումը։ Այս մեթոդն ունի 80% զգայնություն։ Այսինքն՝ 20% հավանականությամբ Դուք կունենաք օվուլյացիա, սակայն թեստը կարող է բացասական պատասխան տալ։

Մասնագետը հավելում է, որ օվուլյացիան կարելի է տեսնել ուլտրաձայնային հետազոտության միջոցով։

«Հետազոտության ժամանակ մենք տեսնում ենք դոմինանտ ֆոլլիկուլ ձվարանում, իսկ օվուլյացիայից հետո ձվազատված ֆոլլիկուլի տեղում առաջանում է դեղին մարմնիկ։ Հղիություն չլինելու պարագայում դեղին մարմնիկը մի քանի օր հետո ներծծվում է»,-նշում է նա։

      • Օվուլյացիայի փաստը պարզելու ամենահավաստի և օբյեկտիվ մեթոդը սպասվող դաշտանից 7 օր առաջ արյան հետազոտությունն է պրոգեստերոնի ստուգման նպատակով։

Եթե պրոգեստերոնի քանակը 3 և ավել է, ապա օվուլյացիան կայացել է, եթե 3-ից պակաս է, ապա կամ սխալվել ենք օրով, կամ օվուլյացիա չի եղել։

Իմանալով ձվազատման օրերը, կարելի է նաև պաշտպանվել այդ ժամանակահատվածում աննպատակահարմար հղիությունից։  

 


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00