Skip to content

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԱԽՏԱՀԱՐՈւՄՆԵՐԸ ԵՎ COVID-19-Ը

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կլինիկա 2-ի ղեկավար, ներզատաբան Մարիամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեկնաբանում է վահանաձև գեղձի ախտահարումներ ունեցողների կողմից առավել հաճախ տրվող մի շարք հարցեր։

Հարց. Արդյո՞ք աուտոիմուն թիրեոիդիտով հիվանդների մոտ իմունիտետը առավել իջած չէ և հետևաբար վարակվելու ռիսկն առավել բարձր։

Պատասխան. Ոչ, վահանաձև գեղձի աուտոիմուն ախտահարում չի նշանակում թուլացած իմունիտետ: Բացի այդ, ներկայումս չկան ապացույցներ վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ վիրուսային ինֆեկցիաների առավել բարձր վարակելիության և ծանր ընթացքի վերաբերյալ։

 

Հարց. Արդյո՞ք վահանաձև գեղձի հիվանդություների դեպքում ընդունվող դեղերը (լևոթիրոքսին, պրոպիլթիոուրացիլ, թիրազոլ) ընկճում են իմունիտետը և բարձրացնում վարակվելու ռիսկը։

Պատասխան. Ոչ, նշված դեղերը չեն ընկճում իմունիտետը։ Բացառություն է որոշ դեպքերում ընդունվող կորտիկոստերոիդների բարձր դեղաչափերը, որոնք կարող են ճնշել իմունիտետը։

 

Հարց. Արդյո՞ք  ռադիոյոդթերապիա ստացած կամ վիրաբուժական միջամտության ենթարկված պացիենտների մոտ վարակվելու կամ առավել ծանր ընթացքի հավանականությունն ավելի բարձր է։

Պատասխան. Չկան ապացույցներ, որ ռադիոյոդթերապիա անցած կամ բարորակ նորագոյացությունների հետ կապված վիրահատություն տարած պացիենտների մոտ վիրուսային վարակելիությունը (այդ թվում՝ կորոնավիրուսով) բարձր է։

 

Հարց. Դեղերի ոչ կանոնավոր օգտագործումը կամ չօգտագործելն ազդում է կորոնավիրուսով վարակելիության կամ ընթացքի ծանրության աստիճանի վրա։

Պատասխան. «Չկարգավորված» հիվանդության դեպքում ցանկացած ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը մեծ է։  Առավել բարձր է ռիսկը վահանաձև գեղձի բարձր ակտիվության (հիպերթիրեոզի կամ թիրեոտոքսի) դեպքում։

 

Վահանաձև գեղձի ախտահարումներ ունեք և մտահո՞գ եք։

Ամենաճիշտ քայլը մասնագետի հսկողության ներքո գտնվելն է։

«Վարդանանց» ՆԲԿ-ում բոլոր հետազոտությունները, բուժումն ու վարումն իրականացվում են աշխարհում լավագույնը ճանաչված ուղեցույցներով, ինչը ստացված տվյալների մենաբանման ժամանակ բացառում է սխալները և տարընթերցումները։