Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, մարդկությանն ուղեկցելով անհիշելի ժամանակներից, մինչև հակաբիոտիկների հայտնաբերումը բազում կյանքեր են խլել։ 2015թ., օրինակ, աշխարհում միայն սիֆիլիսով վարակված է եղել 45.4 միլիոն մարդ, որից 6 միլիոնը՝ նոր դեպք: Արձանագրվել է 107.000 մահ: 1990-ին մահերի թիվը կազմել է 202.000։
Սեռավարակներն այսօր էլ մնում են առողջապահական, սոցիալական և հոգեբանական ամենալուրջ խնդիրներից մեկը։ ԱՀԿ-ն դրանք դասում է հինգ գերակայող առողջապահական խնդիրների շարքը՝ կարևորելով մարդու սերնդարարման վրա դրանց բացասական ներգործությունը։
«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնը նախաձեռնում է տեղեկատվական արշավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման նպատակով։
Շարքը վարում է գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։ Սկսենք ամենից տարածված սիֆիլիսից։
Սիֆիլիս. ո՞րն է առաջացման պատճառը
Վարակիչ այս հիվանդության հարուցիչը դժգույն տրեպոնեման է, որը տարածվում է հիմնականում սեռական ճամապարհով։ Հիվանդության փոխանցումը հնարավոր է նաև վնասված մաշկի, համբույրի միջոցով։ Հղի կինը վարակն ընկերքով կարող է փոխանցել պտղին։ Դա կարող է հանգեցնել բնածին սիֆիլիսի զարգացման, ինչի հետևանքով արձանագրվում են բնածին արատներ, անգամ՝ մահ։
Ճանաչե՛ք սիֆիլիսի ախտանշանները
Սիֆիլիսն,ըստ զարգացման փուլերի, բաժանվում է երեք շրջանի։ Առաջին և երկրորդ շրջանում հիվանդը չափազանց վարակիչ է։
Առաջին շրջանում
դիտվում է «կարծր շանկր»՝ անցավ փոքր վերք։ Այն առաջանում է վարակվելուց մոտ 2-3 շաբաթ անց։ Ամենից հաճախ տեղակայված է լինում սեռական օրգանների շրջանում, հետանցքի շուրջը կամ բերանի լորձաթաղանթին։
Երկրորդ շրջանը սկսվում է վարակվելուց 2-6 ամիս անց և տևում է 1-3 ամիս։ Այս շրջանին բնորոշ են՝
-
-
- ցանավորում ձեռքի ափերի և ոտքերի ներբանների վրա
- ջերմության բարձրացում
- պարանոցի ավշահանգույցների մեծացում
- սրտխառնոց
- մազաթափություն
- թաց վերքեր սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում, որոնք հիշեցնում են գորտնուկներ։
-
ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆԻՆ ԲՆՈՐՈՇ ԲԱՐԴՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ։
Ներքին օրգաններում կամ մաշկի վրա գոյանում են մեծ խոցեր։ Կարող են ախտահարվել սիրտը, ուղեղը, աչքերը, նյարդային համակարգը, ոսկրերը, հոդերը՝ առաջացնելով՝
-
-
-
- կաթված
- կուրություն
- մտավոր թուլություն
- խլություն
- ուղեղաթաղանթի բորբոքում
- սրտային անբավարարություն և այլն։
-
-
Ինչպե՞ս խուսափել սեռավարակներից
Հիշեք, որ հիվանդության կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան բուժումը։
-
-
- Խուսափեք պատահական սեռական կապերից։
- Օգտագործեք պահպանակ, որը նվազեցնում է վարակների փոխանցումը, սակայն ամբողջովին չի կանխում։
- Մի չարաշահեք ալկոհոլը, ինչը կարող է թուլացնել Ձեր զգոնությունը և հանգեցնել վտանգավոր սեռական վարքագծի։
- Հիշեք, որ սեռավարակների փոխանցումն անհնար է կանխել սեռական հարաբերությունից հետո ներլվացումների միջոցով։
- Պահպանեք առողջ ապրելակերպ, քանի որ ճիշտը սնունդը և ֆիզիկական ակտիվությունը ամրապնդում են իմունային համակարգը։
-
Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հորդորում է հետագա բարդություններից խուսափելու նպատակով հիվանդության առաջին իսկ ախտանշանի դեպքում դիմել մասնագետին։
«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր խնդրին լուծում կտան՝ առաջնորդվելով ապացուցողական վերջին մոտեցումներով։