Skip to content

ՄԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՄԵՍՍԵՆՋԵՐԸ. Ո՞ՐՆ Է ՆՐԱ ԴԵՐԸ

Քչերը գիտեն, որ առանց հորմոնների նորմալ քանակի մենք առողջական լուրջ խնդիրներ կունենանք։ Հորմոններն են կարգավորում մեր աճը, զարգացումը, մարմնի ջերմաստիճանը, քունը, տրամադրությունը և այլն, և այլն…

Հորմոնալ դիսբալանսի հետ կապված խնդիրներն ու հիվանդությունները հետազոտում, բուժում և վարում է էնդոկրինոլոգը (ներզատաբանը)՝ օրգանիզմում դրանց նորմալ բալանսը վերականգնելու նպատակով։

Կարիք կա՞, զարմանալու, որ էնդոկրինոլոգիայի ծրագիրը խորությամբ յուրացնելու  համար միջինում 10 տարի է պահանջվում։

Իսկ ի՞նչ է հորմոնը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կլինիկա 2-ի ղեկավար, էնդոկրինոլոգ (ներզատաբան) Մարիամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ այն ներկայացնում է որպես քիմիական սուրհանդակ (մեսենջեր), որը, մի բջջից անցնելով մյուսի մեջ, մարմնի տարբեր մասերին օգնում է «շփվել» միմյանց հետ։

Մեր օրգանիզմում առկա է ավելի քան 50 տարբեր հորմոն։

Կհարցնեք, վերջապես, որտե՞ղ են արտադրվում հորմոնները։

Հորմոններն արտադրվում են էնդոկրին համակարգի կողմից։

Դրանք արտազատվում են էնդոկրին գեղձերի՝ վահանաձև գեղձի, մակերիկամների, հիպոթալամուսի, հիպոֆիզի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, հարվահանաձև գեղձի, թիմուսի կողմից։

Հորմոնները կարգավորում են ֆիզիոլոգիական պրոցեսների լայն սպեկտր՝

      • աճ և զարգացում
      • նյութափոխանակություն
      • սեռական զարգացում
      • արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորում
      • ախորժակ և քաշ
      • ոսկրերի աճ և այլն։

Հորմոննների դիսբալանս է առաջանում, երբ Էնդոկրին գեղձը նորմայից շատ կամ քիչ քանակությամբ հորմոն է արտազատում։ Ընդ որում, նույն հորմոնի գերարտազատումը կամ սակավ արտազատումն օրգանիզմում բոլորովին տարբեր շեղումների պատճառ են հանդիսանում։

Էնդոկրինոլոգ Բաղդասարյանը բերում է մեկ այլ փաստարկ. օրգանիզմում շատ քիչ քանակով առկա հորմոնը կարող է մեծ ազդեցություն թողնել օրգանիզմի ֆունկցիաների և զարգացման վրա։

Հորմոննների դիսբալանսը  հանգեցնում է մի շարք ոչ վարակիչ  հիվանդությունների, որոնք մահացության և հաշմանդամության ամենամեծ «մեղավորներից» են։ Դրանցից են, օրինակ՝

      • շաքարային դիաբետը
      • ճարպակալումը
      • վահանաձև գեղձի տարբեր խնդիրները։

Հորմոննների դիսբալանսը հանգեցնում է նաև

      • օստեոպորոզի
      • անպտղության
      • հասակի և շատ այլ խնդիրների։

Մարիամ Բաղդասարյանը կարևորում է գանգատներ ունենալու դեպքում ժամանակին բժշկին դիմելը։

Եթե Ձեզ մոտ առկա է՝

      • նյարդային գերլարվածություն
      • գերքրտնարտադրություն
      • առանց կենսակեպի ու սննդակարգի փոփոխության ճարպակալում կամ քաշի կորուստ
      • մշտական հոգնածություն
      • աճի և զարգացման հապաղում
      • կարճահասակություն կամ նորմայից բարձր հասակ

և այլ գանգատներ, ապա հնարավոր է, որ դրանք հորմոնային դիսբալանսի հետևանք են։

Մասնագետը չի բացառում, որ անգամ «անմեղ» թվացող զարկերակային գերճնշումը մակերիկամների, իսկ սրտի խփոցը կամ առիթմիան՝ վահանաձև գեղձի հորմոնների գերարտազատման հետևանք լինեն։

Այնպես որ, բոլոր պարագաներում ճիշտը բժշկին դիմելն է։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի փորձառու մասնագետները, կատարելով լաբորատոր հորմոնալ և ախտորոշիչ այլ հետազոտություններ, կարճ ժամանակում կբացահայտեն  հիվանդության իրական պատճառը։ 

Մեր կենտրոնում Ձեր խնդրին լուծում կտրվի աշխարհում լավագույնը ճանաչված կլինիկական ուղեցույցներով։