Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՐԱՎՉՈւԹՅՈւՆԸ

 

Լոնդոնի թագավորական քոլեջի (King’s College London) գիտնականները  մի քանի տարի առաջ կատարած  հետազոտությունների արդյունքում հանգեցին եզրակացության, որ ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները։ Եվ որ պատանեկան տարիքում ակնեից տառապածների մաշկն ավելի դանդաղ է ծերանում։  

Իհարկե, սա չի կարող թեթևացնել ակնեից այսօր տառապողների վիճակը։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի մաշկաբան Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ նշում է, որ հատկապես դեռահասների շրջանում  խիստ տարածված այս հիվանդությունը քրոնիկ բորբոքային մաշկաբորբ է, որն արտահայտվում է մաշկի տարբեր դրսևորումներով՝  բաց կամ փակ կոմեդոններով, պապուլաներով, պուստուլաներով կամ խորանիստ հանգույցներով։ Հիվանդության հիմքում տարբեր պատճառներով առաջացող մազարմատների ճարպային գեղձերի բորբոքումն է։

Ակնեի բարդություններն ավելի հաճախ արտահայտվում են խորանիստ հանգույցներով (acne conglobata) և ժամանակին բժշկին չդիմելու պատճառով սպիների առաջացումով։  

Կորյակները թեև կյանքին վտանգ կամ առողջության համար լուրջ սպառնալիք չեն, սակայն խաթարում են դեմքի գեղեցկությունն ու գրավչությունը՝ հոգեբանական լուրջ անհարմարավետություն պատճառելով։

Ակնեն երկար բուժում պահանջող հիվանդություն է։ Թեթև և միջին ծանրության դեպքերում այն տևում է մինչև 3, ծանր դեպքերում՝ 6 ամիս։ Երբեմն նույնիսկ բուժման կրկնակի կուրսի անհրաժեշտություն է զգացվում։

Մաշկաբան ԱԴԻԼԽԱՆՅԱՆՆ ընդգծում է, որ բուժման 2-րդ շաբաթվա ընթացքում կարող են ախտանշաններն ավելի ընդգծվել, իսկ առաջին դրական արդյունքներին հարկավոր է սպասել նվազագույնը 4 շաբաթ։

Ախտանշանները, պայմանավորված ակնեի տեսակից, սովորաբար զգալի թուլանում կամ վերանում են բուժման մեկնարկից 8-12 շաբաթ անց։  

Ունե՞ք նման խնդիր։ Ժամանակ մի վատնեք և անհապաղ դիմեք մաշկաբանին։ Այլընտրանքային տարբեր բուժումների արդյունավետությունն ապացուցված չէ։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի մաշկաբանը կզննի Ձեզ, կծանոթանա Ձեր  հիվանդության պատմությանը, կենցաղային սովորույթներին, լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունների արդյունքներին և դրանց վերլուծության հիման վրա կնշանակի ոչ միայն թիրախային, այլև համակարգային բուժում։ Ձեր ապաքինմանը կնպաստեն նաև մաշկի ամենօրյա խնամքին, ճիշտ սննդակարգին և կենսակերպին վերաբերող մաշկաբանի խորհուրդների կատարումը։

Մաշկաբան ԱԴԻԼԽԱՆՅԱՆՆ ընդգծում է նաև բուժման ընթացիկ վերահսկման կարևորությունը՝ հնարավոր կողմնակի ազդեցությունների՝ որովայնում դիսկոմֆորտի, ալերգիկ ցանի, լյարդի ֆունկիայի կամ տեսողության խանգարման, մաշկի գերչորության, կոլիտի առաջացման դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ում դեռահասների, մեծահասակների և հղիների բուժման ու հսկման ժամանակ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։

Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆՆ ակնե ունեցողներին 3 կարևոր խորհուրդ է տալիս՝

      • Չուշացնել մասնագետին դիմելը։
      • Կորյակները մեխանիկորեն չսեղմել։
      • Կատարել մաշկաբանի նշանակած բուժումն ու խորհուրդները։

ԱՀԱ ԵՎ ԳՐԱՎՉՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈւ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ։