Skip to content

Homo sapiens-ի ամենալուրջ մոլորություններից մեկը. մենք անտեսում ենք ակնհայտ ռիսկերը

Արդյո՞ք կյանքում մեր կատարած բազմաթիվ ընտրություններն ու ընդունած որոշումներն անկախ են։

Անշուշտ, մենք ներքուստ համոզված ենք կամ ենթադրում ենք, թե անկախ ընտրություն ենք անում՝ ելնելով մեր իսկ շահերից։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանն այն կարծիքին է, որ դա Homo sapiens-ի ամենալուրջ մոլորություններից մեկն է։

 «Իրականում մեր ընտրություններն անկախ չեն և շատ զգայուն են բազում գործոնների նկատմամբ։

Մենք անտեսում ենք ակնհայտ ռիսկերը՝

      • մենք վախենում ենք ինքնաթիռից՝ չնայած մեքենա վարելը շատ ավելի ռիսկային է
      • վախենում ենք պատվաստումից, չնայած հիվանդությունը և դրա հետևանքները շատ ավելի աղետալի են
      • հոգատար ծնողը պատրաստ է հանուն երեխայի ամեն ինչ անել, սակայն, նրա ձեռքը բռնած, փողոցը կհատի ամենաբանուկ հատվածով կամ այնպիսի սնունդ կտա, որ դրա ռիսկերի մասին մի փոքր պատկերացում ունենալու դեպքում երբևէ չէր տա։

Այսինքն՝ մենք պատրաստ չենք ռացիոնալ դաշտում ճիշտ որոշումներ կայացնելու»,-ասում է Հարություն Մանգոյանը Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի մասին խոսելիս։

Նա ընդգծում է, որ գիրքը կօգնի հոգեհուզական, իռացիոնալ դաշտից անցնելու իրականության մի դաշտ, որտեղ հաշվի են առնվում նաև մարդու վախերը, տագնապները՝ այդ ամեն ինչի տակ դնելով ապացուցողական բազա»։

Բանախոսը դիմում է իր գործընկերներին՝ «Ուղղակի եկեք խոսենք։

      • Եկեք բնակչության հետ խոսենք իրեն հասկանալի լեզվով, թվերով, փաստերով։
      • Մենք թերացել ենք երկոսության մեջ»։

Հարություն Մանգոյանը նաև բժիշկներին է կոչ անում կարդալ այս գիրքը, քանի որ այն կօգնի վերականգնելու երկխոսությունը բնակչության հետ։