Skip to content

Քննարկվեց ուշադրության արժանի կլինիկական հերթական դեպքը

59-ամյա պացիենտը «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբան Անի Ալեքսանյանին էր դիմել՝ գանգատվելով արտահայտված հևոցի, շնչարգելության, թուլության առկայությունից, հավասարակշռության խանգարումներից և սրտի անկանոն աշխատանքի զգացողությունից։
Ուշադիր, մանրամասն զննման, գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունների արդյունքում, անամնեզում ունենալով նաև անարդյունավետ բուժման փաստ, դրվել է ճիշտ ախտորոշում և նշանակվել դեղորայքային համապատասխան բուժում։
Միաժամանակ, ախտորոշված խնդրահարույց առիթմիաների կապակցությամբ մեր սրտաբանի առաջարկով իրականացվել է ինվազիվ վիրահատական բուժում և ռիթմավար սարքի տեղադրում։
Անի Ալեքսանյանը «Վարդանանցի» իր գործընկերներին՝ թերապևտներին և նեղ մասնագետներին ներկայացրել է, որ միջնախասրտային միջնապատի բնածին արատով պացիենտի հիվանդությունը վարում է նրա հետ մշտական կապ պահպանելով։
Քննարկման ընթաքում բժիշկներն անդրադարձել են հազվադեպ հանդիպող խանգարման գանգատներին, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին։ Առանձնահատուկ շեշտադրվել են այն վիճակներն ու գանգատները, որոնց դեպքերում պետք է կասկածել նման արատի գոյության մասին։
Ախտորոշումը հստակեցնելուց անմիջապես հետո հիվանդի հետագա վարման հարցերը քննարկվել են նաև «Նորք Մարաշ» ԲԿ-ի ինվազիվ առիթմոլոգների հետ։