Skip to content

«Վարդանանց» ՆԲԿ-ն Սևանում համակարգչային շերտագրման 1.000 հետազոտություն է կատարել

Դեռևս կես տարի չկա, ինչ «Վարդանանց» ՆԲԿ-ի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրիչը (КТ) գործում է Սևանի նորակառույց բժշկական կենտրոնում։

Ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Գեղարքունիքը միակ մարզն էր, որտեղ չկար համակարգչային շերտագրման սարք։

Այս ընթացքում արդեն իրականացվել է 1.000 հետազոտություն։ Հետազոտվածների զգալի մասը մարզի տարբեր, այդ թվում՝ հեռավոր բնակավայրերից են։ «Վարդանանց»-ի նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ նախկինում անհասանելի ծառայությունն այդ մարդիկ ստանան տեղում, բարձր որակավորում ունեցող մեր մասնագետների կողմից։

Այստեղ իրականացվող բոլոր հետազոտությունների նկատմամբ հսկողություն է սահմանվում «Վարդանանց»-ի կողմից։ Ավելին՝ որակի նկատմամբ կրկնակի հսկողություն է իրականացնում աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Flatworld Solutions» միջազգային կազմակերպությունը, որը կարճ ժամանակում մասնագիտական եզրակացություններ է տալիս։

Գեղարքունիքի մարզպետարանի, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և «AltHealth» առողջապահական-կրթական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի արդյունքում շահում են նաև բժիշկները։ Այս համաձայնագրի շրջանակում «Վարդանանց»-ն աջակցում է մարզի առողջապահության համակարգին՝ տեղայնացնելով կենտրոնում իրականացվող ծրագրերը։  

Իսկ Սևանում կազմակերպված դասընթացը մարզի առաջնային օղակի բժիշկներին ծանոթացրեց մի շարք հիվանդությունների ախտորոշման և բուժման միջազգային ուղեցուցային մոտեցումներին։

Առաջիկայում մարզի առողջապահական համակարգին աջակցելու նոր նախաձեռնություններ են նախատեսվում։

Սևանում «Վարդանանց»-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են․

Երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 9։00-17։00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին սահմանվում է շարունակական հերթապահություն։

Տեսանյութում՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի խոսքը Սևանում ՀՇ սարքի գործարկման կապակցությամբ