Skip to content

«Սա վավերագրություն է հարյուր միլիոնավոր մահերի, գիտնականների անձնուրացության….և անշնորհակալության մասին»-,Լևոն ԱԼԹՈւՆՅԱՆ

«Սա վավերագրություն է հարյուր միլիոնավոր մարդկանց և երեխաների մահերի, մարդկային մտքի հզորության, գիտնականների անձնուրացության, քաղակրթության փրկության, ժառանգների երախտագիտության և … անշնորհակալության մասին».-ԼԵՎՈՆ ԱԼԹՈւՆՅԱՆ

Ներկայացնում ենք ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի Լևոն Ալթունյանի նախաբանն՝ առանց խմբագրման։

 

 

 

Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Մատթեոս 11:154, Աստվածաշունչ

 «Ցանկացած ճշմարտություն արդյունք է տալիս, երբ ընտրյալների գիտելիքները հասկանալի, ընկալելի և համոզիչ լինելու շնորհիվ վերածվում են հանրության զգացմունքների»:

Հենրիխ Հայնե

Գիրքը, որ պատիվ ունեմ ներկայացնելու հայ ընթերցողին, ըստ էության, այն մասին է, թե ինչքան փոքր է մեր աշխարհը, և տարբեր երկրներում որքան նման են Homo-sapiens տեսակի բնավորությունները, մոտիվները, վախերը և միջանձնական հարաբերությունները:

Մենք համոզվում ենք, որ հանրային շահերի նկատմամբ Ես-ի գերակշռումն ազգային ունիկալ վարքագիծ չէ:

Տևական ժամանակ է Հայաստանում կրքեր են եռում հանրային առողջությունն ապահովող ամենաարդյունավետ հիմնաքարերից մեկի վերաբերյալ․ խոսքը պարտադիր պատվաստումների մասին է:

Մեր հայրենակիցներն այս գրքում կգտնեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք երբևէ հնչել են պատվաստումը մերժողների կողմից։

Գիրքը տալիս է բոլոր այդ հարցերի հիմնավոր պատասխանները:

Հենց այդ չհիմնավորված հարցերի պատասխաններից անտեղյակ լինելու պատճառով է, որ ծնողները, բնազդային հինավուրց վախերի գերին դառնալով, խուսափում են պատվաստումներից՝ մահացու ռիսկի և տառապանքների դատապարտելով իրենց երեխաներին:

Հայաստանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տարիներ շարունակ մատնանշվել է որպես կազմակերպվածության օրինակ, պատվաստումների ազգային օրացույցը կատարելու հարցում սկսել է զիջել դիրքերը:

Կարծում եմ, գիրքն առաջին հերթին անհրաժեշտ է տարակուսանքի մեջ ընկած ծնողներին, ովքեր, անկասկած, իրենց երեխաներին ցանկանում են երկար և առողջ կյանք, ամենաբարի և լավ ճակատագիր: Ուստի, ցանկացած ծնող իրազեկված որոշում կայացնելու համար ամբողջական տեղեկատվություն ունենալու կարիք ունի:

Կարևոր է, որ գիրքը դիպչում է այն զգայարաններին, որոնք պաշտոնական բժշկագիտությունը չի կարողացել արթնացնել գիտական լեզվի, դժվարամարսելի փաստերի և չոր վիճակագրության պատճառով:

«Մահացու ընտրություն»-ն օգտակար կլինի նաև երեխաների, նրանց ծնողների, տատիկների և պապիկների հետ անմիջականորեն շփվող բժիշկներին և բուժաշխատողներին՝ զինելով նրանց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, աֆրիկյան երկրներում տարբեր տարիներին իրականացված բազմաթիվ հետազոտությունների մեթոդներով և դրանց արդյունքներով։

Գիրքն անհրաժեշտ է նաև հանրային կարծիքը ձևավորող լրագրողներին, բլոգերներին, ճանաչված գործիչներին, որոնց խոսքը լսելի է:

Նրանց հետաքրքիր կլինի ծանոթանալ ընդդիմախոսության պատմությանը և հոգեբանությանը, բառապաշարին և դրդապատճառներին:

Ապշեցուցիչ և սարսափելի են այնպիսի ծայրահեղությունները, որոնք, ի վերջո բերում են բժշկության մերժման՝ ընդհուպ մինչև աղոթքով «բուժում» կղանք և աղիների կտորներ փսխող մանուկին, որն իր ծնողի համոզմունքների պատճառով մահանում է հենց նրա ձեռքերին։

Գիրքը գրավում է առաջին իսկ էջերից և ընթերցվում դեդեկտիվ վեպի արագությամբ: Բայց, ավա՜ղ, սա դետեկտիվ վեպ չէ:

Սա վավերագրություն է

      • հարյուր միլիոնավոր մարդկանց և երեխաների մահերի (միայն Հյուսիսային Ամերիկայում 70 մլն էթնիկ բնակչությունից ողջ է մնացել 600 000-ը),
      • մարդկային մտքի հզորության,
      • գիտնականների անձնուրացության,
      • քաղակրթության փրկության,
      • ժառանգների երախտագիտության և …
      • անշնորհակալության մասին:

Անշուշտ, հայ ընթերցողին չափազանց հաճելի կլինի տեղեկանալու, որ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր և գրքի ենթատեքստում անհերքելի փորձագետը՝ Լյուսի Ռորկ Ադամսը, հայազգի փախստականների դուստր է:

Համոզված եմ, որ գիրքն իր ազդեցությամբ, փարատելով գեթ մեկ տատանվողի վախերն ու կասկածները, առողջ կյանք կպարգևվի ևս մեկ մանուկի:

Չե՞ որ նրանք են մեր էության ազնվագույն նպատակը»:

ԼԵՎՈՆ ԱԼԹՈւՆՅԱՆ

 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի

խորհրդի նախագահ,

AltHealth առողջապահական հիմնադրամի նախագահ,

ՀՀ առողջապահության նախարար 2016-2018թթ.