Skip to content

Պատվաստումներ. առասպելներ եվ իրականություն

Հաճախ թե՛ բժիշկների, թե՛ ծնողների կողմից շրջանառվում են պատվաստումների կեղծ հակացուցումներ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը նշել է, որ կան Առողջապահության համաշխահային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հստակ ամրագրված հակացուցումներ, որոնք արտացոլված են նաև մեր երկրում գործող ուղեցույցներում։ Դրանք իրականում շատ քիչ են։

«Պատվաստումների վերաբերյալ հնուց եկած առասպելներից ամենից տարածվածներից են այն տեսակետները, թե իբր պատվաստումը մեծ ծանրաբեռնվածություն է երեխայի համար և պետք չէ միանգամից մի քանի պատվաստում կատարել կամ մինչև 1 տարեկան երեխաների պատվաստումները շատ են ու ծանրաբեռնում են իմուն համակարգը։ Իրականում նման խնդիրներ գոյություն չունեն»,-ասել է Լիլիթ Մարությանը՝ հիշեցնելով, որ անգամ մի քանի պատվաստում ստանալով երեխան ստանում է շատ ավելի քիչ հակածին, քան իր առօրյայում։ Օրինակ, ծնողի համբույրից երեխան կարող է ստանալ միջինում մոտ 600 հակածին, իսկ 6 շաբաթական հասակում կատարվող պատվաստումներից նա ստանում է ընդամենը 8 հակածին։ Գիտնականները վաղուց ապացուցել են, որ երեխայի օրգանիզմն ունակ է առանց որևէ խնդրի միաժամանակ արձագանքելու հարյուր հազարավոր հակածինների։

Մանկաբույժն ընդգծել է, որ շատ վարակներից պաշտպանելը կարևոր է հենց փոքր տարիքից։

«Օրինակ, չափազանց կարևոր է, որ երեխան կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում ստանա Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, քանի որ նրա վարակվելու ռիսկը փոքր չի, իսկ այդ հասակում վարակվելու դեպքում լյարդի քրոնիկ հիվանդություն ունենալու հավանականությունը կլինի ավելի քան 90%։ Հենց այդ պատճառով են 180-ից ավելի երկրներում Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կատարում 24 ժամվա ընթացքում»։

«Պատվաստումից առաջ երեխային ինչ-որ դեղեր է պետք տալ, որպեսզի չջերմի». տարածված այս առասպելի կապակցությամբ մասնագետը հակադարձել է՝ «այդ դեղերը կողմնակի ազդեցություն ունենալուց բացի կարող են ազդել իմունային պատասխանի վրա, ինչը կարող է սպասված արդյունքը չստանալու պատճառ դառնալ»։

Որոշ երկրներից եկած քաղաքացիներ նշում են, որ իրենց ապրած վայրում, ինչպես նաև մեր երկրի առանձին կենտրոններում երեխաներին պատվաստումից առաջ լաբորատոր հետազոտություններ են կատարվում։

Մանկաբույժը պնդել է. «Դրանց անհրաժեշտությունը բնավ չկա, եթե  ամրագրված չեն որպես սկրինինգային հետազոտություն։ Օրինակ՝ 9 ամսականում ստուգվում է երեխայի արյան հեմոգլոբինը՝ անկախ  գանգատից կամ վիճակից։ Բայց պատվաստումից առաջ արյան ինչ-ինչ հետազոտություններ կատարելն անհարկի է»,-ասել է Լիլիթ Մարությանը՝ ընդգծելով, որ դա միայն ծնողների շրջանում տագնապի, փոքր-ինչ շեղման դեպքում լրացուցիչ հետազոտությունների, խորհրդատվությունների, անհանգստությունների պատճառ է դառնում։

«Եթե իրականում հակացուցման ռեալ դեպք լինի, ապա երեխան գանգատով կգա»։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը «Պատվաստումներ. առասպելներ և իրականություն»  զեկույցով հանդես է եկել Աղվերանում լրագրողների համար կազմակերպված «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացի ժամանակ։

«Վարդանանց»-ի մանկաբույժներն ու մյուս մասնագետները մշտապես  հորդորում են ժամանակին պատվաստվել, քանզի պատվաստումները տարեկան 2-3 մլն կյանք են փրկում։