Skip to content

ՀՈւՆՎԱՐԸ ՎԱՀԱՆԱՁև ԳԵՂՁԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈւԹՅԱՆ ԱՄԻՍՆ Է

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի փոխտնօրեն, ներզատաբան Հասմիկ Մանուկյանը նշում է, որ վահանաձև գեղձի հիվանդությունները, թեև մեծ տարածվածություն ունեն, սակայն հաճախ մինչև բժշկին այցելելը մարդիկ այդ մասին չեն իմանում։

 Մարդիկ կարող են չկասկածել, որ՝

      • գրգռված (բորբոքված) աղիքների սինդրոմը,
      • փորկապությունը
      • սրտի առիթմիան
      • մաշկի չորությունը
      • մազաթափությունը
      • քաշի ավելացումը
      • առանց պատճառի նկատելի նիհարելը
      • անընդհատ շոգելը
      • քաղցի մշտական զգացողությունը
      • անքնությունը
      • ընկճախտը

վահանաձև գեղձի հիվանդության արտահայտություն կարող են լինել։

Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի նյութափոխանակության գլխավոր կարգավորիչն է։ Եվ պատահական չէ, որ թե՛ նշանները, թե՛  հիվանդությունները բավականին լայն սպեկտր ունեն։

Առավել տարածված խանգարումներն են հիպերակտիվությունը (հիպերթիրիոզը) և ոչ բավարար ակտիվությունը (հիպոթիրիոզը)։ Ի դեպ, վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ։

Չափազանց ակտիվ վահանաձև գեղձը կարող է առաջացնել՝

լուծ, անքնություն, առանց պատճառի քաշի անկում, սրտխփոց, տրամադրության տատանումներ (անկում), լարվածություն, անհանգստություն։

Վահանաձև գեղձի անբավարար ակտիվության դեպքում մարդիկ հաճախ դժգոհում են՝

հոգնածությունից, փորկապությունից, մազաթափությունից, ցրտին չդիմանալուց, քաշի ավելացումից, անգամ՝ դեպրեսիայից։

Բոլոր այս երևույթները  կարող են էականորեն ազդել մարդու կյանքի որակի վրա։ Մինչդեռ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները կարելի է  ախտորոշել մեկ այցելության ընթացքում արյան հետազոտությամբ։

Ներզատաբան Հասմիկ Մանուկյանը հորդորում է վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակին ախտորոշելու և բարդություններից խուսափելու համար՝

      • Գանգատի դեպքում դիմել բժշկի և հետազոտություններ անցնել (արյան թեստ)
      • ախտորոշումից հետո նշանակված բուժումն ընդունել
      • ներզատաբանի հսկողության նեքո գտնվել։

Կարևոր է, որ հիվանդությունն այժմ հեշտությամբ բուժվում է, և ճիշտ նշանակումների դեպքում անհանգստացնող սիմպտոմները վերանում են։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ներզատաբաններն աշխատում են աշխարհի լավագույն ուղեցույցներով։