Skip to content

ԹԱԳԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈւԹԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՂԱՉԱՓԵՐԻ ԹՈՂԱՐԿՈւՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈւՄ Է ՀՈւԼԻՍԻՆ

Ամերիկահայ ճանաչված գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics դեղագործական ընկերությունը, որը ռեկորդային արագությամբ՝ 40 օրում մշակել է թագավարակի դեմ պատվաստանյութի նմուշը, այժմ դրա կլինիկական փորձարկումներն է իրականացնում։

Moderna–ի մշակած պատվաստանյութը փորձարկում է անցնում  ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում: Երկրորդ փուլի փորձարկումները նախատեսվում է սկսել 2020-ի երկրորդ եռամսյակում:

Moderna Therapeutics դեղագործական ընկերությունը Lonza Group AG-ի հետ 10-ամյա համագործակցության շրջանակում նախատեսում է արագացնել և հուլիսին թողարկել թագավարակի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակները։

 «Ընկերությունները մտադիր են Lonza-ի ձեռնարկություններում լրացուցիչ արտադրական լրակազմեր ստեղծել, ինչը հնարավորություն կտա տարեկան արտադրել 1 միլիարդ դեղաչափին համարժեք նյութեր ամբողջ աշխարհում օգտագործելու համար»,-նշված է ընկերությունների հայտարարության մեջ:

Ապրիլին Moderna-ն ԱՄՆ կառավարական գործակալությունից 483 մլն դոլարի ֆինանսավորում էր ստացել COVID-19 թագավարակի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար: