Skip to content

Դուք գիտե՞ք, թե ինչ է Ժառանգական անգիոայտուցը

Պարզվում է, որ շատերը չգիտեն այս հիվանդության մասին։ Այդ է պատճառը, որ Եվրոպական միության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ բժիշկների նախաձեռնող խումբը «Ժառանգական անգիոայտուց Հայաստան/HAE Armenia» ծրագրի շրջանակում աշխատանքներ է տանում բնակչության և բժշկական հանրության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նախաձեռնող խմբի անդամ, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ալերգոլոգ Մարիամ Մովսիսյանը ներկայացնում է, որ ժառանգական անգիոայտուցը հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որը դրսևորվում է մարմնի տարբեր մասերում առաջացող այտուցներով:

Այն հանդիպում է 10-50 հազար բնակչից մեկի մոտ, այդ իսկ պատճառով հիվանդության ախտորոշումը տարբեր երկրներում տևում է տարիներ և իսկ շատ հաճախ այն շփոթում են ալերգիկ կամ ստամոքս-աղիքային, իսկ Հայաստանում՝ նաև պարբերական (Երևանյան) հիվանդության հետ: Սովորաբար, մինչև ճիշտ ախտորոշումը հիվանդն այցելում է մի շարք մասնագետների, երբեմն անգամ անհարկի վիրահատություն տանում:

 Ալերգոլոգ Մովսիսյանը նշում է, որ հիվանդության կարևոր առանձնահատկությունը ցավով ուղեկցվող այտուցներն են՝

      • դեմքին
      • վերջույթներին
      • սեռական օրգանների շրջանում
      • որովայնային հատվածում
      • ստամոքս-աղիքային համակարգում։

Դրանք շատ հաճախ զուգակցվում են որովայնային ցավերով,  փորլուծությամբ, երբեմն՝ փսխումներով: Իսկ կոկորդի շրջանում տեղակայված այտուցը կարող է մահացու լինել:  

 Բժիշկն ընդգծում է, որ այդ այտուցները կարող են պահպանվել մինչև 5 օր, ալերգիկ բնույթ չունեն, բացակայում է քորը։

Ժառանգական անգիոայտուցը նման է ալերգիկ այտուցներին, սակայն բուժումը խիստ տարբեր է։ Կարևոր է իմանալ, որ այս խնդրով զբաղվում են ալերգոլոգները։  

Եթե Ձեզ մոտ նկատել եք նման այտուցներ, ապա մի՛ հապացեք։

Զանգահարե՛ք 010-592100 հեռախոսահամարով և գրանցվեք «Վարդանանց» ՆԲԿ-ի ալերգոլոգի մոտ։

Խնդրին քաջատեղյակ մեր մասնագետը հիվանդության ճշգրիտ ախտորոշումը և վարումը կիրականացնի՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով։

Ահա, թե որտեղ կգտնեք Ձեր կյանքի որակի բարելավման բանալին։