Skip to content

Գավառում ներկայացվեցին շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման միջազգային առաջատար մոտեցումները

Ինչո՞ւ շաքարային դիաբետ։
«Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Իսկ ի՞նչ անել, որ բժիշկը լավ արդյունքներ ունենա մասնագիտական իր պրակտիկայում։ Հենց այս հարցում ձեզ աջակցելու նպատակով էլ ընտրել ենք կարևոր այս թեման»,-ասաց «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն ՄԱՆԳՈՅԱՆԸ՝ ողջունելով Գավառում կազմակերպված դասընթացի մասնակիցներին։
Աշխարհում

      • ամեն 5-րդ վայրկյանում գրանցվում է ՇԴ-ի նոր դեպք
      • ամեն 7-րդ վայրկյանում 1 մարդ մահանում է ՇԴ-ից
      • ամեն տարի մոտ 500.000 նոր հիվանդ անցնում է հեմոդիալիզի

ամեն տարի 700.000 հիվանդ կորցնում է տեսողությունը։
ԱՀԿ կանխատեսումներով 2030 թվականին աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը կաճի 51%-ով՝ հասնելով 552 մլն-ի։
Հայաստանում վերջին տվյալներով հաշվառվում է շաքարային դիաբետով 93.460 հիվանդ, որից 77.644-ը՝ տիպ 2, 15.816-ը՝ տիպ 1։
Ներկայացնելով վիճակագրական այս տվյալները՝ «Վարդանանց»-ի ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը Գեղարքունիքի մարզի բժիշկներին ծանոթացրեց շաքարային դիաբետի ախտորոշման, բուժման և վարման աշխարհի ամենավերջին, լավագույն մոտեցումները։
Թեմայի հետաքրքիր ու մատչելի մատուցումից հետո դասընթացի մասնակիցների հետ հարցուպատասխանն առարկայական էր, քննարկվեցին նաև մասնակիցների պրակտիկայում հանդիպած դժվար դեպքեր։
Օրակարգային թեմայով անցկացված նախաթեսթավորման և հետթեստավորման արդյունքներն ապացույցն էին այն բանի, որ դասընթացին մասնակցած մարզային բժիշկները յուրացրել են թեման։
«Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամի ղեկավար Վահագն Ղազարյանը վստահեցրեց, որ այս դասընթացները շարունակական են լինելու։ «Մենք հավատարիմ ենք մնալու Գեղարքունիքի մարզպետարանի, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և «Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամի միջև կնքված եռակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորություններին, այդ թվում՝ աշխարհի լավագույն չափորոշիչները մարզի բժիշկներին հասցնելը»,-ասաց նա։
Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին ՇՄԶ կրեդիտներ։