Skip to content

Բուժքույրերը տպավորվել են Դենիել Քիզի պատմվածքով

Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» հանրաճանաչ ստեղծագործությունը որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք 1959թ. արժանացել է «Հյուգո» մրցանակի։ Քիզն այն հետագայում դարձրել է վեպ, որն էլ 1966-ին, որպես լավագույն վեպ, ստացել է «Նեբյուլա» մրցանակ։
Կհարցնեք, թե ինչո՞ւ ենք անդրադառնում այս ամենին։
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը քննարկել են «Վարդանանց» ՆԲԿ-ի բուժքույրերը։
Այն բուժքույրերին մտորելու տեղիք էր տվել։ Նրանք միմյանց հերթ չտալով կիսվում էին տպավորություններով, վերհիշում իրենց համար առավել տպավորիչ հատվածները, եզրահանգումներ անում։

      • Առաջ ծաղրում ու արհամարում էին ինձ, որովհետև հիմար ու բութ էի. հիմա ատում են, որովհետև խելացի եմ ու խորաթափանց։
      • Այնքան քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ հասկացա, որ մարդիկ ծաղրում էին ինձ: Իսկ հիմա տեսնում եմ, որ անգիտակցաբար ես էլ եմ արդեն կանգնած նրանց կողքին ու ծիծաղում եմ ինքս ինձ վրա: Ու հենց դա է ամենացավոտը։
      • Երեխան կարող է չիմանալ՝ ինչպես սնվել կամ ինչ ուտել, բայց նա գիտի, թե ինչ է քաղցը:
      • Իմ ճանաչած մարդկանցից և ոչ ոք այն չէ, ինչ թվում է
      • Շատ հեշտ է ընկերներ ունենալը երբ թողնում ես որ մարդիկ քեզ վրա ծիծաղեն:

Մասնագիտությամբ հոգեբան Դենիել Քիզը պարտադրում է սթափ հայացքով գնահատել մարդկային փոխհարաբերություններում առանցքային, բայց և դաժան ճշմարտությունները։
«Վարդանանց» ՆԲԿ-ում պարբերաբար կազմակերպվող նման քննարկումները նպաստում են, որ բուժքույրերն ու սպասարկման հատվածի աշխատակիցներն ավելի ընկալելի ու գեղեցիկ հաղորդակցվեն այցելուների հետ։ Ընթերցելը, հատկապես նման հրաշալի ստեղծագործությունը, հարստացնում է մարդու ներաշխարհը։
Իսկ ո՞ւմ համար հաճելի չէ շփվել կիրթ և դիմացինին հարգող մարդու հետ…