Skip to content

Աննախադեպ ծրագիր Հայաստանում. առցանց բժշկական խորհրդատվություն

Աննախադեպ ծրագիր Հայաստանում .  առցանց բժշկական խորհրդատվություն

Այսօր մեկնարկեց Ucom ընկերության հետ համատեղ մշակված uDoctor առցանց բժշկական խորհրդատվության ծրագիրը։

Նորարարական այս լուծման շնորհիվ Ucom-ի օգտատերերը Հայաստանում առաջին անգամ ցանկացած ժամի և ցանկացած վայրում  կարող են ստանալ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տարբեր մասնագետների առցանց խորհրդատվությունը։ Ծառայությունը կմատուցվի 24/7 (շուրջօրյա) ռեժիմով։

«Առողջությանը վերաբերող խնդիրները հաճախ անհետաձգելի են, բայց ժամանակատար: uDoctor ծառայության շնորհիվ մարդիկ ստիպված չեն լինի տասնյակ րոպեներ վատնել ճանապարհի վրա կամ հերթերում, կխնայեն իրենց ժամանակն ու միջոցները: uDoctor-ը հնարավորություն է ընձեռում ոչ միայն հեռակա ստանալու «Վարդանանցի» բարձրակարգ մասնագետների խորհրդատվությունները, այլև պահպանել դրանց պատմությունը, կառավարել հետազոտությունների արդյունքները և հաշվեկշիռը», – այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ներբեռնելով uDoctor հավելվածը Google Play-ից կամ App Store-ից՝ օգտատերերը կարող են շտապ բժշկական խորհրդատվություն ստանալ առանց հերթերի և ցանկացած վայրում գտնվելիս։

«Աշխարհում լայնորեն կիրառվող հեռաբժշկության հիմքում տարիներ ի վեր արմատավորված այն սկզբունքն է, որ ախտորոշումն 90%-ով հիմնվում է պացիենտի կողմից տրամադրվող տեղեկատվության վրա։ Դա ենթադրում է, որ պացիենտը հնարավորինս անկեղծ և համակարգված տեղեկատվություն պետք է տրամադրի։

Հեռաբժշկությունը ոչ պակաս հմտություն և փորձառություն է պահանջում բժշկից։ «Վարդանանցը» ապացուցողական բժշկության վրա հիմնված կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման առաջատարն է մեր երկրում։ Միջազգային այդ ուղեցույցներն ու գործելակարգերն օգնում են հեռահար բժշկության մասնագետին ընտրել այն հարցերի շրջանակը, որն ամենակարճ ճանապարհով կտանի դեպի ճիշտ ախտորոշում։ Նույն աղբյուրները բժշկին հուշում են, թե պացիենտին երբ ուղղորդել այլ մասնագետի մոտ, երբ գործիքային կամ լաբորատոր հետազոտություն նշանակել կամ հոսպիտալացման որոշում կայացնել։

Մենք վստահ ենք, որ մեր բժիշկներն իրենց փորձառությամբ ճիշտ եզրակացություն կկատարեն՝ ուշադիր լսելով հիվանդի գանգատները և ապրումները, դրանք համադրելով նրա կյանքի պատմության հետ»,-ասել է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

Մանրամասներին ծանոթանալ այս հղումով՝ https://www.udoctor.am/